Մենք երկու հայց ենք ներկայացրել, որոնցից երկրորդով խոչընդոտներ են ստեղծվում՝ կա՛մ ինչ-որ ճնշմամբ, կա՛մ այլ պատճառներով։ Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պահանջատեր դիմորդի ձայն» երիտասարդական շարժման փաստաբանական խմբի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւը։

Նրա խոսքով՝ առաջին հայցը, որով պահանջվում է Կառավարության որոշումն անվավեր ճանաչել, քանի որ այն ոչ իրավաչափ է՝ կապված այն հանգամանքի հետ, որ, օրինակ, չեն չեղարկվել նախկին որոշումները, կան նաեւ իշխանությունների անգրագիտության այլ դրսեւորումներ։ «Այս հայցը դատարանը վարույթ է ընդունել, ի տարբերություն երկրորդ հայցի, որով դատարանն արդեն երկու անգամ վերադարձնելու որոշում է կայացրել։ Հայցը վերաբերում է դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը անվավեր ճանաչելու պահանջին։ Դատարանն այս գործով պահանջում է դիմորդների ստորագրությամբ դիմումներ, որը, սակայն, արդեն նախարարություն է փոխանցվել։ Եթե դատարանի այս դիրքորոշումը, որը պետք է ֆիզիկական անձանց բովանդակային պահանջները վեր դասի ձեւականից, չփոխվի, եւ գործը վարույթ չընդունվի, ապա մենք կդիմենք Վերաքննիչ դատարան»,- նշեց փաստաբանը։

Նա հավելեց, որ իշխանությունները, որոնք երկու տարի առաջ խոսում էին երկրում ուղիղ ժողովրդավարության սկզբի մասին, այսօր չեն ցանկանում անգամ լսել 3 միլիոնից 700-ին։

Բուհ չընդունված դիմորդներից Հայկ Բաբալյանն իր հերթին հայտարարեց, որ ելնելով պետական մարմինների եւ անձամբ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի արհամարհական վերաբերմունքից՝ ուսանողական նախաձեռնություն ստեղծելու որոշում է կայացվել։ «Այսօր բուհերում ընթանում է կոնսոլիդացիայի ակտիվ գործընթաց, որից հետո կանցնենք կոնկրետ քայլերի, որոնց մասին կհայտնենք։ Նախարարն ասում է, որ մեր ցույցերն ու պահանջները քաղաքական երանգ ունեն։ Դրան ի պատասխան ես հայտարարում եմ՝ դա սուտ է։ Բայց մենք պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,- շեշտեց նա՝ հավելելով, որ դիմորդներին, որոնց խնդիրներն իբր լուծվել են, ընդունել են ամենեւին ոչ այնտեղ, որտեղ նրանք ի սկզբանե ցանկանում էին։

Հիշեցնենք, որ ըստ բուհեր ընդունվելու նոր կարգի՝ այս տարի յուրաքանչյուր դիմորդ իրավունք ուներ ընտրելու մի քանի ֆակուլտետ եւ ուսումնական հաստատություն։ Սակայն առաջին մասնագիտությամբ անցումային միավորները չհաղթահարելու դեպքում երկրորդ մասնագիտությամբ տեղը տրվում էր ոչ թե նրան, ով այդ առարկան երկրորդն էր նշել եւ ավելի շատ միավորներ ստացել, այլ նրան, ով այդ երկրորդ մասնագիտությունը ցուցակում առաջինն էր նշել՝ ընդ որում հավաքելով թեկուզ եւ նվազագույն անցումային միավոր։ Այս կապակցությամբ բուհեր չընդունված դիմորդների ծնողները բողոքի ցույցեր էին անցկացրել՝ իրենց դժգոհությունը փաստարկելով այն հանգամանքով, որ նոր համակարգը չէր կարող կիրառվել, առավել եւս այս տարվա մայիսի 26-ից, քանի որ դիմորդները սկսել են դիմումներ ներկայացնել մայիսի 25-ից։