Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը, որի համաձայն՝ հագուստը եւ կոշիկը մաքսազերծվելու են արդեն ոչ թե կիլոգրամով, այլ հատով։ Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին։

Մելքումյանը, մասնավորապես, առաջարկել էր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել է որոշակի սոցիալական լարվածության, հանրության հետ պայմանավորվել միջանկյալ շրջան սահմանելու մասին, որի ընթացքում հանրապետություն ներկրված հագուստը կշարունակի մաքսազերծվել նախկին համակարգով (կիլոգրամով)։

«Իսկ այնուհետեւ մենք կկատարենք նոր անցում եւ կանցնենք ապրանքի մաքսազերծման նոր կարգին»,- նշել էր պատգամավորը։