Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո մեկ շաբաթ է անցել, բայց հակամարտության էսկալացիան չի նվազեցնում շրջապտույտը։ Առայժմ կողմերից ոչ մեկը պատրստ չէ բանակցություններին, տարածաշրջան խաղաղապահների մտցնելու մասին խոսում է միայն Երեւանը, նշում է «Իզվեստիան»։

Բացառված չէ, որ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան Al Jazeera հեռուստաալիքի լրագրողի հարցին՝ Հայաստանի վարչապետը կցանկանա՞ր ԼՂՀ-ում խաղապահների տեսնել, Փաշինյանը շեշտել է, որ այդպիսի հարցերը «կարող են քննարկվել ավելի լայն համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։

Առայժմ, սակայն, ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը որեւէ իրական քայլ չեն կատարել առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների ուղղությամբ, ինչպես պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։

ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Իզվեստիային» ասել է, որ առայժմ վաղ է խոսել խաղապահ զորակազմ մտցնելու մասին։

«Մենք ստիպած ենք ամեն վայրկյան կասեցնել հակառակորդի հարձակումները։ Եկեք խաղաղապահների եւ այլ ասպեկտների մասին խոսենք այն բանից հետո, երբ կկոտրենք այդ ահաբեկչության ողնաշարը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի»,- իր դիրքորոշումն է պարզաբանել քաղաքական գործիչը։

Քաղաքագետ Դենիս Դենիսովի կարծիքով՝ քանի դեռ հակամարտությանը երրորդ ուժ չի միջամտել, այն շարունակվելու է մինչեւ կողմերից մեկի հնարավոր պոտենցիալ հաղթանակ։ Առայժմ իրավիճակը քիչ է նպաստում, որ Բաքուն ու Երեւանը բարի կամք դրսեւորեն դադարեցնելու փոխհրաձգությունը եւ նստելու բանակցությունների սեղանի շուրջ։

«Մի կողմից մենք հռետորաբանություն ենք տեսնում, որը, կարծես, հակված է կառուցողական բաղադրիչին, բանակցությունների պահպանման ներուժին։ Մյուս կողմից՝ փաստերը հակառակի մասին են վկայում»,- պարզաբանել է փորձագետը։

Նրա խոսքով՝ խաղաղապահներ մտցնելը այդքան էլ պարզ մեխանիզմ չէ։ Անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, ինչպես նաեւ ՄԱԿ մանդատը։ Եթե խոսքը վերաբերի ՀԱՊԿ զորակազմ մտցնելուն, ապա կարող են առաջանալ բյուրոկրատական քաշքշուկներ, քանի որ կան տարբեր երկրներ, որոնք կցանկանան ճակատի գծում իրենց խաղաղապահներին տեղակայել, նշել է քաղտեխնոլոգը։

«Դա այնքան էլ արագ գործընթաց չէ․ գործունակ զորակազմ կազմավորելը կարող է տեւել մեկ ամիս։ Հիմա կասկածելի է ասել, որ հնարավոր է կարճ ժամանակում ճակատի գծում տեղակայել մի քանի բրիգադ»,- շեշտել է Դենիս Դենիսովը։

Այս հարցում շտապողականությունը կարող է սաստիկ վնասել գործընթացը եւ հարվածի տակ դնել խաղաղապահներին իրենց, վստահ է փորձագետը։