Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին հայտնել է, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով եւ կարանտին կպահպանի, բայց կշարունակի կատարել իր աշխատանքը հեռակա կարգով: Ըստ Մաքենանիի՝ Սպիտակ տան բժշկական ծառայությունը մամուլի ներկայացուցիչներից ոչ մեկին չի ներառել այն անձանց ցուցակում, ովքեր սերտ կապ են ունեցել նրա հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Մաքենանին ասել է նաեւ, որ ինքն ամեն օր թեստ էր հանձնում՝ հինգշաբթի օրվանից սկսած, բայց դրական արդյունք ստացվել է միայն երկուշաբթի օրը:
«Ավելին, ես լրիվ անտեղյակ էի Հոփ Հիքսի ախտորոշման մասին հինգշաբթի Սպիտակ տան ճեպազրույցից առաջ»,- հավելել է նա: Անցյալ հինգշաբթի հայտնի դարձավ, որ նախագահի խորհրդական Հոփ Հիքսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, իսկ մի քանի ժամ անց Թրամփը հայտարարեց, որ ինքը եւ իր կինը նույնպես վարակվել են:





























