Ըստ ՄԱԿ-ի ներկայացրած նոր զեկույցի, մոտ 29 միլիոն կանայք եւ աղջիկներ այսօր ստրկության զոհ են, հաղորդում է Associated Press-ը:
Ստրկության դեմ պայքարի Walk Free կազմակերպության համահիմնադիր Գրեյս Ֆորեսթի հայտարարության համաձայն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր 130-րդ կինը եւ աղջիկը մեր օրերում ստրկության զոհ է դառնում, եւ այս թիվն ավելի մեծ է, քան Ավստրալիայի բնակչությունը:
Նրա խոսքով՝ ինքն այս եզրակացությանը հանգել է հիմնվելով Walk Free-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների վրա, որոնք ՄԱԿ-ի գործակալություններ են:
Ընդ որում, ըստ Ֆորեսթի, ժամանակակից ստրկության դեմքը արմատապես փոխվել է:
Նրա բնորոշմամբ՝ ստրկություն մեր օրերում կարող է համարվել նաեւ ազատության սիստեմատիկ սահմանափակումը, որի դեպքում մեկ անձը շահագործվում է մյուսի կողմից՝ անձնական կամ ֆինանսական նպատակներով:
Զեկույցի համաձայն, կանայք կազմում են սեռական շահագործման զոհերի 99%-ը, հարկադիր ամուսնության բոլոր զոհերի 84%-ը եւ հարկադիր աշխատանքի բոլոր զոհերի 58%-ը:
Ֆորեսթը նաեւ հայտարարել է, որ Walk Free-ն եւ ՄԱԿ-ի «Յուրաքանչյուր կին յուրաքանչյուր երեխա» ծրագիրը սկսում են համաշխարհային արշավ ընդդեմ ժամանակակից ստրկության:
Արշավի շրջանակներում քարոզվում է հրաժարում երեխաների եւ հարկադիր ամուսնություններից, որոնք մինչ օրս աշխարհի 136 երկրներում քրեականացված չեն:





























