Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտելու օգտին, գրում է laist.com-ը։
Խորհրդի կողմից ներկայացված բանաձևը պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նմանատիպ հայտարարությունը:
«Ադրբեջանական զինված ուժերը մահացու և առանց դրդապատճառի հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ։ Այս անխոհեմ ներխուժումն ուղղակի սպառնալիք է ինչպես Արցախում դարեր շարունակ ապրող հայերի, այնպես էլ տարածաշրջանային կայունության և Միացյալ Նահանգների հիմնարար շահերի, այդ թվում՝ ժողովրդավարության համար»,- ասված է Խորհրդի հայտարարության մեջ։





























