Իրանի իշխանությունները չեն հանդուրժի ղարաբաղյան հակամարտության գոտուց իրենց տարածքին պարբերաբար հարվածները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նման գնդակոծությունների կրկնվելու դեպքում Իրանը անտարբեր չի մնա»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «սահմանային շրջաններում բնակվող Իրանի քաղաքացիների անվտանգության ապահովումը երկրի զինված ուժերի համար առաջնահերթ խնդիր է»:
Ավելի վաղ IRIB հեռարձակող ընկերությունը հաղորդել էր, որ հակամարտության գոտուց արձակված ութ հրթիռ է պայթել Իրանի տարածքում: Նրանք ընկել են բնակավայր, արդյունքում մի քանի տուն վնասվել է, մեկ մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, ըստ IRIB-ի, հակամարտության սրման ընթացքում Իրանի տարածք է ընկել շուրջ 50 հրթիռ եւ արկ:





























