Այս տարվա մարտից առ այսօր կորոնավիրուսի հետ կապված պետական ծախսերը մեկ անձից գնումների միջոցով են իրականացվում: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման անորոշ իրավիճակներում, երբ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի գնումների կարիք կարող է առաջանալ, այդ գործընթացը մրցույթի հայտարարման եղանակով կազմակերպելը իրատեսական չէ:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված գնումները մեկ անձից անելու մասին որոշումն ընդունվել էր մարտին, եւ այդ որոշման մեջ մանրամասն ներկայացված էր նաեւ դրա հիմնավորումը: Մեկ անձից գնումներ կատարելու հնարավորությունը կարող է պետական մարմիններին հնարավորություն տալ արագ արձագանքել փոփոխվող իրավիճակին:

«Այդ որոշումը ոչ թե պարտադրում է մեկ անձից գնում կատարել, այլ տալիս է հնարավորություն դա անել անհրաժեշտության դեպքում: Իսկ անհրաժեշտությունը գնահատում է պատվիրատուն: Որովհետեւ եթե, պատվիրատուի կարծիքով, դա էն կարգի հրատապություն պարունակող եւ էնպիսի գնում է, որը պետք է իրականացվի մեկ անձից, ապա պետք է իրականացվի մեկ անձից: Որովհետեւ մարդկային կյանքերի մասին է խոսքը, առողջության մասին է խոսքը: Կարծում եմ, առիթ կունենաք, երբ արդեն բյուջեի կատարողականը ներկայացվելիս լինի, անդրադառնալ հիմնավորումներին, թե ինչու է անհրաժեշտ եղել եւ ինչու են հենց հատկապես այդ ընթացակարգերը կիրառվել գնումների համար: Բայց ակնհայտ է, որ պետք է ունենա այդ լիազորությունը պետական մարմինը, որ կարողանա համարժեքորեն արձագանքել աննկարագրելի արագ փոփոխվող զարգացումներին», - ասաց նախարարը:

Գնումների Armeps համակարգից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հավաքագրած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտի 12-ից մինչև հունիսի 26-ն իրականացված մեկ անձից գնումների համար պետական մարմինները ծախսել են 165 մլն 90.4 հազար դրամ, իսկ հրատապ մեկ անձից գնումների համար՝ 3 մլրդ 428 մլն 767.3 հազար դրամ: