Բավականին դժվար կլինի վերականգնել տուրիստական հոսքը կորոնավիրուսի երկրորդ ալիքի համատեքստում, ուստի զբոսաշրջության ոլորտում ներդրումներն ուղղված կլինեն ենթակառուցվածքների որակի եւ մատչելիության բարձրացմանը: Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Խոսքը, ըստ նրա, ճանապարհների, մշակութային ժառանգության հուշարձանների եւ այլնի մասին է:
«Որքան էլ մենք ծախսենք 2021-ին, միեւնույն է, չենք կարողանա վերականգնել զբոսաշրջային հոսքերի նույն ծավալները, քանի որ արտաքին միջավայրը լրջորեն փոխվել է: Բայց մենք չենք կրճատել մեր ծախսերը: Հենց աշխարհը թույլ տա, մենք կկարողանանք վերադառնալ ավելի վաղ դրված նպատակների իրականացմանը»,- պարզաբանեց նախարարը:
Խաչատրյանը շեշտեց, որ այժմ անհնար է հետաձգել ծրագրերի իրականացումը զբոսաշրջության ոլորտում, եւ նույնիսկ հակառակը` ստեղծված իրավիճակը կրկնակի ջանքեր է պահանջում զբոսաշրջության ներուժը լիարժեք իրացնելու համար, ինչը հետագայում եկամուտների ավելացման եւ քաղաքացիների բարեկեցության բարելավման աղբյուր կդառնա;
Միեւնույն ժամանակ, նախարարը հիշեցրեց, որ կորոնավիրուսի առաջին ալիքի հետեւանքով տուրիզմի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների, այդ թվում տուրիստական գործակալությունների, հանրային սննդի կազմակերպությունների, հյուրանոցների եւ տրանսպորտային կազմակերպությունների շրջանառությունը կրճատվել է 60 տոկոսով, իսկ աշխատատեղերը` 30 տոկոսով: Այս միտումը, նրա խոսքով, կարող էր շարունակվել, եթե չլիներ կառավարության օժանդակության ծրագրերի իրականացումը:
«Կառավարությունն ամեն ամիս այդ նպատակով 650 միլիոն դրամ է հատկացնում: Գուցե մեզ չհաջողվի արագ վերականգնման հասնել այս ոլորտում, բայց այդպիսի օժանդակ մեխանիզմների օգտագործմամբ մենք կանխեցինք ճգնաժամի խորացումը, իսկ դա արդեն խոսում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու նպատակով կառավարության կողմից մշակված ծրագրերի արդյունավետության մասին»,- ասաց Խաչատրյանը:





























