2021-ին կապիտալ շինարարության ծախսերը պետք է ապահովեն տնտեսական աճը: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի բացասական զարգացումները հաշվի առնելով՝ կառավարության գլխավոր խնդիրն է արդյունքների հասնելը, որոնք հնարավորություն կտան սկիզբ դնել երկրի տնտեսության վերականգնմանը, ինչը, իր հերթին, թույլ կտա լուծել պետության առջեւ ծառացած շատ խնդիրներ:
«Այդ համատեքստում պետբյուջեի ծախսային մասը չի փոխվել: Կա կարծիք կապիտալ շինարարության ծախսերի կրճատման եւ տնտեսված ռեսուրսներն այլ ոլորտներ ուղղելու անհրաժեշտության մասին: Սակայն ծախսերի կրճատումը չի կարող դիտվել որպես ՀՆԱ աճին նպաստող գործոն»,-նշեց նախարարը:





























