2021-ին կապիտալ ծախսերի համար կուղղվի անվանական ՀՆԱ-ի 3,2 տոկոսը կամ գրեթե 210 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, առաջնահերթ ծրագրերի իրականացման համար ծախսերի ծավալները, նրա խոսքով, կկազմեն 81 մլրդ դրամ ընթացիկ տարվա 60 մլրդ դրամի դիմաց:

«Այդ հարցում կարեւոր է ինչպես պատվիրատուների, այնպես էլ կապալառուների եւ ծառայություններ մատուցողների հնարավորությունների ճիշտ գնահատականը: Ուստի առաջարկված տարբերակը միջանկյալ բնույթ է կրում»,-պարզաբանեց նախարարը:

Ինչ վերաբերում է ընթացիկ ծախսերին, տվյալ հարցով ընտրվել է սահուն բյուջետավորման մոդելը: Այն չի նախատեսում ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում, սակայն հնարավորություն կտա կատարել բոլոր պարտավորությունները:

Նախարարը նաեւ նշեց, որ ծրագրային բյուջետավորման մոդելն արդեն կայացած փաստ է դարձել, որի գլխավոր նպատակն է մեխանիկական ֆինանսավորումից անցում կատարել ֆինանսավորման արդյունքների գնահատմանը եւ ստանալ առավելագույն արդյունք յուրաքանչյուր ներդրված դրամից: