«ԱրԱր» հիմնադրամի իմ գործընկերները մեր ողջ ջանքերը դրել ենք՝ աջակցելու մեր զինված ուժերին. որոշում եմ ընդունել իմ հիմնական ժամանակը նվիրել մի շարք կարեւոր անվտանգային ծրագրերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի բարեկամներ,

Երեկ մեր երկիրը արթնացավ նոր, խիստ ցավալի իրողության մեջ։ 26 տարի առաջ հաղթած, այս տարիներին հաղթանակի հպարտությամբ ապրած մեր ժողովուրդը գիտակցեց, որ ռազմի դաշտում այս անգամ պարտություն է կրել, եւ իրեն հաշտության ստորացուցիչ պայմաններ են պարտադրվել։

Ապագայում դեռ բազմաթիվ անդրադարձներ կլինեն, թե ինչու մենք հասանք այս ծանր հանգրվանին, եւ ինչու մեր հերոսաբար կռվող բանակը ի վերջո ընկրկեց թշնամական կոալիցիայի հարվածների առաջ։ Հիմա սակայն, կարեւոր է ոչ թե մեղավորների եւ անմեղների փնտրտուքը եւ նրանց միջեւ հաշիվների մաքրումը, այլ ստեղծված իրավիճակից լուծումների որոնումը՝ մեր կորուստները նվազեցնելու ակնկալիքով։

Պատերազմի առաջին օրերից, ես եւ «ԱրԱր» հիմնադրամի իմ գործընկերները մեր ողջ ջանքերը դրել ենք՝ աջակցելու մեր զինված ուժերին, տարբեր հնարավոր ձեւերով։ Մեր կատարած աշխատանքի զգալի մասը գաղտնի է, եւ կարող է բացահայտվել միայն տարիներ հետո, երբ արդյունքները տեսանելի կլինեն։ Այսօր, երբ մեր բանակը ծանր կորուստներ է կրել մեզ պարտադրված անհավասար պատերազմում, առաջնային խնդիր է դարձել նրա մարտական կարողությունների վերականգնումը եւ արագացված արդիականացումը, մանավանդ, որ պատերազմը կարող է վերսկսվել յուրաքանչյուր պահի։ Գործընկերներիս հետ խորհրդակցելով,  ես որոշում եմ ընդունել առաջիկայում այդ գործին նվիրել իմ հիմնական ժամանակը եւ ռեսուրսները, կենտրոնանալով մի շարք կարեւոր անվտանգային ծրագրերի վրա։

Նույն այս նպատակով ես նաեւ որոշում եմ ընդունել՝ առժամանակ կասեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Լինելով "Ազգային օրակարգ" կուսակցության համահիմնադիրներից եւ առաջնորդներից մեկը, եւս այժմ դուրս եմ գալիս նրա ղեկավար Խորհրդի կազմից, պատվիրակելով իմ ձայնը գործընկերներիս՝ այն ակնկալիքով, որ նրանք խոհեմորեն եւ խորը պատասխանատվությամբ կառաջնորդեն մեր կուսակցությունը։  

Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Հայաստանում առկա ներքաղաքական խորը ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի գործող իշխանության հրաժարականի, եւ օրինական ու անցնում գործընթացի միջոցով այնպիսի ազգային համաձայնության իշխանության ձեւավորմամբ, որն ընդունակ կլինի Հայաստանը դուրս բերել միջազգային մեկուսացումից, վերաբանակցել մեզ պարտադրված ստորացուցիչ համաձայնության պայմանները, եւ ապագայի հույս տալ պատերազմի ողջ ցավը վերապրած մեր ժողովրդին։ Եթե տեղի ունենա այդպիսի հուսադրող գործընթաց, ես պատրաստ կլինեմ դրան բերել իմ աջակցությունը՝ որպես անհատ, չհավակնելով  այս փուլում որեւէ անմիջական քաղաքական դերակատարության։ Երբ մեր երկիրը կհասնի արժանապատիվ խաղաղ հանգրվանի, եւ արտաքին վտանգը կնվազի, ես եւս պատրաստ կլինեմ վերանայել այս որոշումս, եւ վերադառնալ քաղաքական գործունեության։

Մենք ապրում ենք աննախադեպ ծանր ժամանակներ, եւ պետք է յուրաքանչյուրս գիտակցենք տեղի ունեցածում սեփական պատասխանատվության չափը, խոնարհաբար կրենք մեր խաչը, ամոքենք վերքերը, դասեր առնենք, եւ ուժ գտնենք՝ գնալու առաջ։ Խորին շնորհակալություն եմ  հայտնում բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ վստահել են ինձ, եւ հայցում եմ ձեր հետագա վստահությունը՝ աշխատելու ի բարօրություն մեր երկրի եւ ազգի։ Աստված բոլորիս պահապան եւ դատավոր»։