Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը խոստացել է ծայրահեղականներին հարված հասցնել «երկաթե բռունցքով», երբ «Իսլամական պետությունը» ստանձնել է Ջիդայում ոչ մուսուլմանական գերեզմանտան պայթյունի պատասխանատվությունը, փոխանցում է AFP-ն։
Պայթյունը տեղի էր ունեցել Առաջին աշխարհամարտի հիշատակի արարողության ժամանակ՝ ընդամենը 2 շաբաթ հետո այն բանից, երբ ֆրանսիական հյուպատոսության անվտանգության աշխատակիցը վիրավորվել էր Սաուդյան Արաբիայի քաղաքացու կողմից։
Ջիդայում Զինադադարի օրվա արարողությանը մասնակցում էին դիվանագետներ Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից։ Պայթյունի հետեւանքով վիրավորվել է առնվազն 2 մարդ, ներառյալ հույն ոստիկանը եւ սաուդցի մի պաշտոնյա։
Հարձակումները, որոնք ընդգծում են Մուհամմեդ մարգարեի ֆրանսիական երգիծական ծաղրանկարների պատճառով մուսուլմանների զայրույթը, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան պատրաստվում է G20 առաջնորդների գագաթնաժողովին։
«Մենք շարունակում ենք հակազդել ցանկացած ծայրահեղական վարքագծի եւ գաղափարների»,- ասել է արքայազն Մոհամմեդը Շուրայի խորհրդին հղած ուղերձում, որը բարձրագույն կառավարական խորհրդատվական մարմինն է։ «Մենք կշարունակենք երկաթե բռունքով հարվածել բոլորին, ովքեր ցանկանում են վնաս հասցնել մեր անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է նա։ Արքայազնը «ցավոտ եւ խիստ պատժով» է նախազգուշացրել նրանց, ովքեր փորձում են ահաբեկչական հարձակումներ կատարել։
«Իսլամական պետությունը» պայթյունի համար պատասխանատվություն էր ստանձնել հայտարարելով, որ սա բողոք էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների դեմ, որոնք տպագրել է ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը։ ԻՊ-ից հայտարարել էին, որ հարձակման թիրախում ֆրանսիացի հյուպատոսն էր։




























