Հայաստանում կտրոնների քանակն էլեկտրոնային վճարային ծառայությունների ոլորտում տարեկան աճում է 40-50 տոկոսով: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Աշոտ Մուրադյանը:
Նրա խոսքով` առցանց առեւտրի ոլորտում 2020 թվականից նույնպես էլեկտրոնային դրամարկղային կտրոններ են ներդրվել: Նա պարզաբանեց, որ հարցվածների 70 տոկոսը ցանկանում է, որպեսզի հարկային եւ մաքսային բոլոր օպերացիաների իրականացման համար բջջային հավելվածներ ներդրվեն, եւ այդ ուղղությամբ արդեն հայեցակարգ է մշակվում: «Մենք հարկային եւ մաքսային կառավարման համակարգերում էլեկտրոնային վճարման համակարգ ենք ներդրել ֆիզիկական շփումները նվազեցնելու համար: Դա հատկապես կարեւոր է համավարակի ժամանակ: Բացի այդ, լիզինգի ընդունման եւ հանձնման էլեկտրոնային փաստաթուղթ է ստեղծվել: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որը թույլ կտա քաղաքացիներին ընդհանրապես բանկեր, ՊԵԿ կամ Ֆինանսների նախարարություն չայցելե: Ամսվա վերջին սերվերները ծանրաբեռնվում են, եւ ՊԵԿ-ը բազմաթիվ բողոքներ է ստանում այդ կապակցությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ հարկային հաշվետվությունների 80 տոկոսը ստացվում է մինչեւ ամսի 20-ը: Օրինակ, 2021 թվականի հունվարի 18-ին, 19-ին եւ 20-ին մեր համակարգն օրական 1 միլիոն հարցում էր ստանում: Հաշվի առնելով այդպիսի ծանրաբեռնվածությունը` մենք մտադիր ենք կատարելագործել այս համակարգը»,- ասաց Մուրադյանը:
Նա հավելեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ արհեստական բանականության ներդրման միջոցով վերլուծական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը թույլ կտա ավելի մեծ վերահսկողություն իրականացնել եւ ավելի հասցեական ստուգում կատարել: Այս բոլոր որոշումներն օգնության եկան հենց համավարակի ֆոնին, երբ կառավարության ծրագրերի շրջանակներում էլեկտրոնային պլատֆորմների ներդրման, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների միջեւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման անհրաժեշտություն առաջացավ:
«Մենք աշխատանքներ ենք տանում տոտալիզատորների ոլորտում կարգավորման եւ վերահսկողության կատարելագործման ուղղությամբ, ինչի կապակցությամբ ստանդարտներ են մշակվել: Այս ստանդարտների հիման վրա միասնական մոնիտորինգային կենտրոն կստեղծվի, ուր նշված ոլորտում զբաղված տնտեսավարող սուբյեկտները տեղեկատվություն կուղարկեն: Սա կբարձրացնի մատուցվող ծառայությունների մակարդակը եւ լրացուցիչ գործիք կդառնա փողերի լվացման դեմ»,- շեշտեց պաշտոնյան: Ինչ վերաբերում է միջազգային համագործակցությանը, ապա Աշոտ Մուրադյանը պարզաբանեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համաձայնագրեր են ընդունվել, որոնք թույլ են տալիս բարելավել շրջանառության հետախուզման եւ հարկաբյուջետային մոնիտորինգի իրականացման համակարգը 5 երկրում:
«Շփումներն ԱՊՀ շրջանակներում եւս շատ ինտենսիվ են, մաքսային եւ հարկային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ժողովներ եւ խորհրդակցություններ են անցկացվում: Նմանատիպ միջոցառում տեղի կունենան Հայաստանում 2022 թվականին: Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաեւ Համաշխարհային մաքսային կազմակերպության (մաքսանենգության դեմ պայքարում), Արժույթի միջազգային հիմնադրամի (հարկային կարգապահության բարձրացման ոլորտում) եւ Համաշխարհային բանկի հետ (վարչարարության ոլորտում): Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում արդեն սկսել են տրանսֆերային գնագոյացման վերահսկման համակարգի ներդրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 1-ից իտալացի մեր գործընկերների հետ միասին փորձնական ծրագիր ենք իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Այս համակարգն իրենից տարբեր երկրներում գտնվող փոխկապակցված ընկերությունների գործարքների վերահսկում է ներկայացնում»,- եզրափակեց նա:





























