«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չի հերքում, որ իշխող ուժի ներկայացուցիչը զրույց է ունեցել իր հետ պատգամավորների ելույթների վերաբերյալ, սակայն պնդում է, որ իրենց խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի անունը առանձնահատուկ չի նշվել։ Այս մասին Արման Աբովյանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով խմբակցությունը լքած Գեւորգ Պետրոսյանի այն հայտարարությանը, որ «Իմ քայլը» խմբակցությունից ինչ–որ մեկը մոտեցել է ԲՀԿ քարտուղարին եւ ասել, որ խմբակցության որոշ պատգամավորներ կարմիր գծերն անցել են, ինչից հետո իրեն զանգել են և հորդորել կարմիր գծերը չանցնել։

«Ես Լիլիթ Մակունցի հետ զրույց եմ ունեցել, որի ընթացքում  արձանագրվել է, որ անկախ նրանից`      իշխանությունն է, թե ընդդիմությունը, անընդունելի է քաղաքական ելույթները խառնել ընտանիքներին կամ անձնական տիրույթ մտնել։ Կարող եմ վստահ ասել, որ պարոն Պետրոսյանի անունը չի տրվել, սա ընդամենը բարոյական կոռեկտության սահմաններից չանցնելուն է վերաբերել։ Յուրաքանչյուր դեպքում չի կարելի ոչ մեկի հասցեին վիրավորանք հնչեցնել։ Ավելին ասեմ, որ սա բնավ չի նշանակում, թե պարոն Պետրոսյանը էդպես է անում։ Ի՞նչ կապ ունի՝ առաջին զանգն ում է եղել,  բոլոր պատգամավորների հետ էլ խոսել ենք, եւ այդ հասկացությունը, որ զգուշացնել, ասել՝ մի արեք, չկա նման բան, վստահաբար եմ ասում»,– ընդգծեց Արման Աբովյանը։

Նշենք, որ փետրվարի 17–ին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գեւորգ Պետրոսյանը հայտարարել էր. «Ինչ–որ ինքնասիրահարված կերպար՝ իշխանական կոչվող խմբակցությունից մեր խմբակցության քարտուղարին մոտեցել եւ ասել է, որ ձեր խմբակցության որոշ պատգամավորներ կարմիր գծերն անցել է, դե պարզ է իմ մասին է խոսքը։ Առաջին զանգը եղել է ինձ, եւ որպես հորդոր է եղել, որ կարմիր գծերը չանցնեմ»։