Եվրամիությանը Վաշինգտոնի պարտադրած քաղաքական որոշումները նվաստացնում են ԵՄ-ին: Այս մասին ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Վրեմյա պոկաժետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր աչքի առաջ տեղի է ունենում Եվրամիության նվաստացում: Ո՞ւմ կողմից: Նրանց, ովքեր պարտադրում են իրենց շահերը, որոնք չեն համապատասխանում այդ երկրների ժողովուրդների ազգային շահերին… Նրանց, ովքեր որոշակի քաղաքականություն են վարում, որը պարտադրվում է Եվամրությանն առաջին հերթին Վաշինգտոնից:

Դա ձեռնտու չէ ԵՄ երկրներին, դա ձեռնտու չէ մեզ, քանի որ նախկինում Եվրամիությունն իսկապես մեր ամենախոշոր առեւտրային գործընկերն էր մարդասիրական կապերի զարգացման առումով, մեր էներգետիկ գործընկերը: Ավելին, մենք հեռանկարում հարաբերություններ էինք կառուցում: Մեր հարաբերությունները պետք է դառնային էլ ավելի նշանակալի»,-ասել է նա:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների նիստի արդյունքներով հայտնել էր քաղաքական որոշման ընդունման մասին այն անձանց նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, պատասխանատու են Ալեքսեյ Նավալնու դատավճռի համար: Նրա խոսքով՝ առաջին անգամ պատժամիջոցներ կսահմանվեն մարդու իրավունքների խախտման հարցով պատժամիջոցային մեխանիզմի շրջանակում: