Նախազգուշացնում եմ` չհամարձակվեք քյանդրբազություն անել սատանայի մայլայում: Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստին Հայաստանի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը` մեկնաբանելով իր երեկվա բանավեճը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբենի Վարդազարյանի հետ:
Պատգամավորը ԲԴԽ-ի երեկվա հայտարարություններում իր հասցեին սպառնալիքներ է նկատել: «Ինձ չվախեցնեք, 2.5 տարի առաջ, լինելով անազատության մեջ, ես նստել եմ օրենքով գողերի եւ կրիմինալ հեղինակությունների հետ»,- ասաց Բաբաջանյանը:
Նա նաեւ շեշտեց, որ բոլորին հայտնի է, թե ով է հովանավորում դատական համակարգի ներկայիս կազմին: «Այնպես որ, հանգիստ նստեք եւ զբաղվեք ձեր գործով, մենք կգանք ձեզ հետեւից»,- սպառնաց պատգամավորը` չպարզաբանելով, թե ովքեր են այդ «մենք»-ը:
Իր հերթին, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը նշեց, որ եթե պատգամավորը Ռուբեն Վարդազարյանի ելույթներում սպառնալիքներ է նկատել իր հասցեին, ապա կարող է դիմում ներկայացնել համապատասխան կառույցներ:





























