ԱՄՆ Պետդեպը 5 միլիոն դոլար կվճարի ղրղըզստանցի կրիմինալ հեղինակություն Կամչիբեկ Կոլբաեւի մասին տեղեկատվության համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարում է մինչեւ 5 միլիոն դոլար ավելացնում է պարգեւատրումը տեղեկատվության համար, որը Կամչիբեկ Կոլբաեւի ձերբակալման եւ/կամ դատապարտման կհանգեցնի եւ/կամ տեղեկավտության համար, որը կօգնի խափանել Կոլբաեւի կազմակերպության ֆինանսական հոսքերը»,- հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Ավելի վաղ Կոլբաեւի վերաբերյալ տեղեկատվության համար պարգեւավճարը 1 միլիոն դոլար էր կազմում:

Պետդեպարտամենտը պարզաբանում է, որ 2000 թվականին Կոլբաեւը դատապարտվել է հանցավոր խմբում իր նախկին ղեկավարի սպանության փորձի եւ եւս երկու մարդու սպանության համար: Այս հանցագործությունների համար նա 25 տարվա էր դատապարտվել, սակայն վեց տարի բանտում անցկացնելուց հետո փախել էր բանտից:

2012 թվականին ԱՄՆ հետախուզական ծառայությունները Կոլբաեւին ընդգրկել են աշխարհի ամենամեծ նարկոբարոնների ցուցակում: 2017-ին ԱՄՆ իշխանությունները 10 քրեական հեղինակության էին աելացրել «սեւ ցուցակում» նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում` Կոլբաեւին: ԱՄՆ-ում «սեւ ցուցակից» անձանց ունեցվածքի հայտնաբերման դեպքում այն ենթակա է կալանքի:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության` Կոլբաեւը, ով «Բրատսկի Կրուգ» միջազգային հանցավոր խմբի անդամ է, կաշառակերությամբ, մարդկանց վաճառքով եւ այլ անօրինական գործողություններով է զբաղվում:

Կոլբաեւը ձերբակալվել էր 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Բիշքեկում:

Փետրվարի 24-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը երկարացրել էր Կոլբաեւի կալանքը մինչ մարտի 22-ը: Մարտի 2-ին Բիշքեկի քաղաքային դատարանի դատական ​​խորհուրդը նրա խափանման միջոցը փոխարինել էր երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: