Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցիչը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումն անվանել է «թեմա, որը դասվում է [ՌԴ-ի եւ Թուրքիայի] տարաձայնությունների կարգին»: «Մենք չենք ընդունում Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, միաժամանակ համբերատար կերպով շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը»,- շեշտել է Պեսկովը: «Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճիշտ լինելն ու հիմնավորվածությունը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ընդ որում՝ նա նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Մոսկվայի եւ Անկարայի տարաձայնությունները չեն ազդում երկու երկրների գործընկերային հարաբերությունների վրա: «Մեզ համար այնպիսի հարց, ինչպիսին ղրիմյանն է, ուղղակի գոյություն չունի»,- հավելել է Պեսկովը: «Թուրքիան, անկասկած, Ռուսաստանի Դաշնության շատ կարեւոր գործընկերն է, ռազմավարական գործընկերը»,- արձանագրել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը: Նա որպես օրինակ բերել է սերտ փոխգործակցությունը տարածաշրջանային գործնականում բոլոր հարցերում:
«Շարունակվում է թուրքերի հետ սերտ փոխգործակցությունը Ադրբեջանում հրադադարի պայմաններին եւ պարտավորությունների կատարմանը հետեւելու մոնիթորինգի կենտրոնի շրջանակում, որոնք կողմերը ստանձնել են (Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ-ի) եռակողմ փաստաթղթով, շատ ակտիվ փոխգործակցություն կա Սիրիայի հարցում»,- թվարկել է Պեսկովը: Նրա խոսքով՝ «չնայած բարդ պահերին, որոնք տեղի են ունեցել Սիրիայում, երկու նախագահներին (ՌԴ-ի եւ Թուրքիայի) միշտ հաջողվել է փոխզիջում գտնել»: «Մենք բարձր ենք գնահատում նույնիսկ բարդ իրավիճակներում փոխզիջումներ որոնելու մեր գործընկերների քաղաքական կամքը»,- հավաստիացրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Թուրքիան «առեւտրատնտեսական հարաբերությունների մեծ համալիր» ունեն: Պեսկովը նման կոոպերացիան անվանել է «հարաբերությունների գլխավոր հիմքը»՝ հիշեցնելով, որ «խոսքը երկարաժամկետ նախագծերի, էներգետիկայի ոլորտում եւ այլ ոլորտներում համագործակցության մասին է»: «Խոսքը վերաբերում է իսկական գործընկերությանը, փոխշահավետ գործընկերությանը»,- ամփոփել է Կրեմլի ներկայացուցիչը:





























