Ես գտնում եմ, որ Արտակ Դավթյանը վնասակար գործունեություն է իրականացրել բանակում, եւ այս պահին ենթադրում եմ, որ դեռեւս քանդելու գործ կա բանակում, դրա համար էլ նշանակվում է այդ պաշտոնին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի առաջարկությանը։

«Ամիսներ առաջ, երբ Արտակ Դավթյանն ազատվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից՝ բացատրություն չտրվեց, թե Արտակ Դավթյանը ազատվե՞լ է պաշտոնից, թե դիմում է գրել ու նոր ազատվել, ու թե ինչի համար է ազատվել։ Ենթադրում եմ, որ եթե Արտակ Դավթյանին ազատել են պաշտոնից, ապա օրենքը արգելում է իրեն նշանակած պաշտոնից ազատել, որովհետեւ պաշտոնին չհամապատասխանելը՝ կարգապահական տույժը,  եթե զինծառայողը ստացել է կարգապահական կանոնագրքի համաձայն, ապա դա կարող է հանվել մեկ տարի հետո, որը դեռ չի լրացել։ Եթե Արտակ Դավթյանը իր պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, ապա նա պիտի պարզաբանի ՝ այն ժամանակ ինչո՞ւ է հրաժարական տվել եւ հիմա ինչո՞ւ է համաձայնվել այդ պաշտոնը զբաղեցնել։ Մինչեւ քաղաքական իշխանությունը կամ Արտակ Դավթյանը այս բացատրությունները չտան, դժվար է կռահել, թե ինչ է եղել»,– ասաց նա։ 

Մեր դիտարկմանը, որ Արտակ Դավթյանի՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելը պայմանավորում էին կարանատինի օրերին որդու հարսանիքը նշելու համար, Մովսես Հակոբյանը նշեց, թե լրատվամիջոցների հրապարակումները չի կարող մեկնաբանել, քանի որ պաշտոնական որեւէ բացատրություն չկար։

Հարցին, թե հակված չէ՞ մտածել, որ դա կարող էր պաշտոնից ազատելու պատճառ դառնալ, Մովսես Հակոբյանն ասաց.

«Ամեն ինչ էլ կարող է պատճառ հանդիսանալ, բայց բանակից զորացրվելուն կարգ կա, կամ պաշտոնի անհապատասխանություն կամ զինածառայողն իր դիմումի համաձայն զորացրվում է պաշտոնից։ Ես չգիտեմ, թե Արտակ Դավթյանը ինչ հոդվածով է զորացրվել»։

Անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այսօրվա ուղերձին եւ հարցին, թե՞ իր համար հասկանալի՞ էր նրա դիրքորոշումը, Մովսես Հակոբյանը բացասական պատասխան  տվեց։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանն այսօր ուղերձ է հղել եւ ասել, որ իր դիրքորոշումն անփոփոխ է, իր պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է եւ դիմել է վարչական դատարան։ Նրա ուղերձում նաեւ ասվում էր.

«Ես իմ ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»։

«Ես չեմ կարող նման նախադասություններն ընթերցել ու հասկանալ։ Ես հստակություն եմ սիրում։ Ըստ իս՝ Օնիկ Գասպարյանը հստակ չէր, նա պիտի հստակ խոսեր»,– ընդգծեց Մովսես Հակոբյանը՝ հավելելով.

«Մեր բանակը հիմա դժվար վիճակում է գտնվում։ Ղեկավարը կազմը հրաժարվում է իրենց հրամանատարի հրամանները կատարել, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Չեմ կարող հասկանալ, որ Արտակ Դավթյանը որպես անձ կարող է միայնակ բանակը հանել այս վիճակից, որովհետեւ բանակի ամբողջ ղեկավար կազմը իր անվստահությունն է հայտնել երկրի ղեկավարին»։

Նշենք, որ նախօրեին Արտակ Դավթյանը Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Նա 2020թ.–ի նոյեմբերի 16–ին վարչապետի որոշմամբ ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որին նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին։ Արտակ Դավթյանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին, ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ի մայիսի 24–ին։ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման առիթը դարձել էր կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի օրերին  որդու հարսանիքը նշելը։

Հավելենք՝ 2021թ.–ի փետրվարի 25–ին, «Իսկանդերի» շուրջ սկանդալից հետո,  ԶՈՒ ԳՇ–ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը։ Դրանից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետից ազատելու վերաբերյալ եւ ԳՇ հայտարարությունը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության  հրամանագիրը եւ դիմելու է ՍԴ՝ վիճարկելու այն օրենքի ( «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք) սահմանադրականությունը, որի հիմքի վրա վարչապետը ներկայացրել էր իր առաջարկը։

Չնայած, տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող կոչերին, Արմեն Սարգսյանն այդպես էլ ՍԴ–ում չվիճարկեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը։

Նշենք, որ ըստ իրավաբանների՝ սահմանադրությունը նախագահին չի լիազորում պաշտոնից ազատել ԶՈՒ ԳՇ պետին։