Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները տվել են «Ակկույու» աէկի №3 բլոկի կառուցման մեկնարկը:
Շինարարության մեկնարկը խորհրդանշող «առաջին բետոնի» թափման արարողությունը անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով:
Արարողության ավարտին Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկայում իրեն կհաջողվի հանդիպել Պուտինի հետ: «Հուսով եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում մեզ կհաջողվի դեմ առ դեմ հանդիպել իմ թանկագին բարեկամի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը: Պուտինը դրան պատասխանել է. «Պայմանավորվեցինք: Մենք վաղուց չենք հանդիպել, պետք է դա անել մոտ ժամանակներս»:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները չորեքշաբթի օրը տեսակապի միջոցով մասնակցել են ատոմակայանի երրորդ բլոկի կառուցման մեկնարկի արարողությանը:
«Ակկույու» ատոմակայանը կառուցվում է BOO սխեմայի համաձայն, երբ ռուսական կողմը հանդես է գալիս որպես արտասահմանյան աէկի սեփականատեր: «Ռոսատոմ»-ի ընկերություններին այժմ պատկանում է «Ակկույու Նուկլեար» կապիտալի գրեթե 100%-ը: Ատոմակայանի կառուցման նախագծի արժեքը մոտ 22 միլիարդ դոլար է:
«Ակկույու» աէկի №1 բլոկի առաջին բետոնը լցվել է 2018 թվականի ապրիլի 3-ին: Առաջին բլոկը շահագործման հանձնելը նախատեսված է 2023 թվականին, երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը: Ակկույու» աէկի №2 բլոկի առաջին բետոնը լցվել է 2020-ի հունիսի վերջին: Հաղորդվել է, որ №4 բլոկի շինարարության լիցենզիան սպասվում է 2021 թվականի աշնանը:





























