Հայաստան մեծ ներդրումներ են գալիս․ առաջին հերթին ներքին ներդրումներ են լինում, այսպես ասած, վերաներդրումներ են, շատ են նաև օտարերկրյա ներդրումները։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հարցին, թե ո՞ր ոլորտներում են այդ ներդրումներն արվում, նախարարը պատասխանեց․ հիմնականում ՏՏ-ում, գյուղատնտեսությունում և զբոսաշրջանության մեջ։ Եթե այդքան ներդրումներ կան, ինչո՞ւ են այլ ոլորտներում բյուջետային ծախսերը կրճատվում, դիտարկմանն էլ Քերոբյանը հակադարձեց․ «Գիտեք, որ այս տարին ծանր տարի է՝ հաշվի առնելով կորոնավիրուսը, պատերազմական իրավիճակը։ Այս առումով պետական բյուջեն ծանրաբեռնված է»։

Նախարարին, հիշեցնելով ավելի վաղ արած կանխատեսումները, հարցրեցինք՝ մնո՞ւմ է այն կարծիքին, որ մեր տնտեսությունը երկնիշ աճ է ունենալու այս տարի։ «Այո, իհարկե։ Ես բազմիցս ասել եմ, թե հույսս ինչի վրա է՝ ամենօրյա անխոնջ աշխատանքի, ազատ ու չկոռումպացված տնտեսության վերականգնելու ունակության»։ Իսկ այսօր մեր երկրում կոռուպցիա չկա՞, կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են լինում, ծանոթ չե՞ք դրանց։ «Եթե կա, համակարգային չէ կամ շատ չնչին է։ Իսկ նման հրապարակումներ ես չեմ տեսել։ Եթե չեմ տեսել, ինչպե՞ս ասեմ, կա՞, թե՞ ոչ»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։