Երեկ գիշերը Երեւանի Կոմիտասի փողոցի 17 շենքի մոտ կրակոցներ են հնչել: Նույն շենքի բակից հիվանդանոց են տեղափոխվել մոտ քսան տարեկան երեք երիտասարդ, որից մեկը մահացել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է «Առավոտ» եւ «Չորորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով գտնվել է դեպքի վայրում, շենքի բակից հայտնաբերվել են մի քանի կրակված պարկուճներ:

Դեպքի վայրում են եղել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, փորձագետներ, որոնք 3.30-ի սահմաններում գնացել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ` Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է արտասահմանյան արտադրության ատրճանակի պահունակ` լիցքավորված 7 փամփուշտներով, 7 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, 1 կրակված գնդակ եւ փայտե մահակ:

Նույն օրը, ժամը 21.40-ին, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն եւ 1982 թ. ծնված Պետրոս Գ.-ն:

Նույն օրը, ժամը 23.05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Խաչիկ Մկրտչյանի դիակը` հրազենային վնասվածքով:

Կատարվում է նախաքննություն: