Եղեգնաձորից մինչեւ Մարտունի ճանապարհի մոտ կեսին, անվերջ բլուրներից մեկի գագաթին հեռվից աննկատ մի սեւ շինություն է երեւում: Եթե չիմանաք, թե ինչ է դա, կարող եք հեշտությամբ անցնել կողքով:
ԱՊՀ տարածքում այսպիսի կառույցներն այդքան էլ շատ չեն, իսկ Հայաստանում այն ընդհանրապես եզակի է (կան եւս երկուսը, բայց երկուսն էլ` շատ անմխիթար վիճակում): Անշուք շինությունը Մետաքսի մեծ ճանապարհի հուշարձաններից մեկն է` Սելիմի քարավանատունը, որը թվագրվում է 14-րդ դարով:
Չնայած հուշարձանը հարթված ճանապարհից հեռու է, սակայն քարավանատունը սիրված է զբոսաշրջիկների շրջանում: «Մենք անցնում էինք ավտոմեքենայով եւ պատահական տեսանք այն: Մենք շատ էինք կարդացել դրա մասին եւ շատ ուրախացանք, որ կարող ենք մեր աչքերով տեսնել»,- ասում է Ալեքսանդրը (զբոսաշրջիկ Ռուսաստանից): Ալեքսանդրը եկել է ընկերների հետ եւ ծանոթանում է Հայաստանի մշակույթին եւ պատմությանը:
Սելիմի լեռնանցքը (այժմ կոչվում է Վարդենյաց) գտնվում է 2410 մետր բարձրության վրա: Վերեւից թվում է, կարծես թռնում եք ինքնաթիռով, հեռվում երեւում են գյուղի փոքրիկ տները, փոքրիկ ծառերը: Շուրջը լեռնային մաքուր օդ է եւ խոտի բուրմունք: Մարտունի-Եղեգնաձոր ասֆալտապատ ավտոճանապարհը վերակառուցվել էր «Լինսի» բարեգործական հիմնադրամի միջոցներով եւ շահագործման էր հանձնվել 2003 թվականին: Ցավոք, ռելիեֆի պատճառով ձմռանը եղանակային պայմաններից ելնելով լեռնանցքը գրեթե չի գործում:
Մայրուղին գրեթե կրկնում է հին ճանապարհը: Կիրճում պահպանվել են կամրջի ավերակները: Չգիտես ինչու, պետությունն այն պատմական հուշարձան չի համարել, եւս այստեղ պատմական տեղեկատվությամբ ցուցանակներ չեք գտնի:
Քարվանատան հիմնական մասը կառուցվել է 1332 թվականին, Խան Բուսաիդի օրոք` իշխան Չեսար Օրբելյանի հրամանով: Գլխավոր սրահը կառուցված է բազալտից: Սենյակը ծառայում էր ե՛ւ որպես ախոռ կենդանիների համար, ե՛ւ որպես ապաստան ճանապարհորդների եւ առեւտրականների համար: Քարավանատան գլխավոր մուտքի վերեւում թեւավոր արարածի եւ ցուլի` Օրբելյանների իշխանական տան զինանշանի խորհրդանիշների ռելիեֆներն են: Քարավանատան գլխավոր դահլիճի լուսավորությունը եւ օդափոխությունն ապահովվում էր տանիքի մեջ արված անցքերով` երդիկներով: Շենքի երկարությունը 41 մետր է: Ներքին տարածքը 26x13 մ է, այն բաժանված է յոթ զույգ սյուներով: Դահլիճի կենտրոնում կա լայն փողրակ է: Մասնագետների կարծիքով` փողրակը ծառայել է որպես ջրարբ: Նախադահլիճի պատերի խորշերը զարդարված են զարդանախշերով եւ քանդակներով: Ընդ որում, տանիքն ուղղահայաց է հիմնական շենքի տանիքի նկատմամբ: Երկու տանիքներն էլ կառուցված են բազալտե խոշոր փորագրված սալերից եւ անջրանցիկ են:
Քարավանատունն ավերվել էր 15-16 -րդ դարերում եւ վերականգնվել 1956–1959 թվականներին: Հետո հատակն ամբողջությամբ վերակառուցվեց, վերականգնվեցին հարավային պատը եւ կիսաքանդ ներքին պատերն ու կամարները:
Շենքում էլեկտրական լուսավորություն չկա, ուստի լավ կլինի լապտեր ունենալ ձեզ մոտ: Ծայրահեղ դեպքում կարելի է օգտվել բջջային հեռախոսից, հակառակ դեպքում` ոչ միայն շատ քիչ բան կտեսնեք, այլեւ կսայթաքեք, մինչեւ աչքերը կսովորեն մթությանը: Սրահի պատերը սեւ ու մամռապատ են: Նույնիսկ ամառային արեւոտ օր քարավանատանը զով է` պատերի հաստության եւ պատուհանների բացակայության պատճառով:
Անցած ավելի քան յոթ հարյուր տարվա ընթացքում շինության շուրջ հողի շերտը նկատելիորեն բարձրացել է, եւ թվում է, որ շենքը սերտաճել է հողին: Հիմնական տարածքում մի մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկապատված է: Քարվանատան վերակացուն հայտնում է, որ տանիքի մի մասը շտապ վերականգնման կարիք ունի. «Աստված մի արասցե, մի քար ընկնի. ամբողջ տանիքը կարող է փլուզվել»:
Լեռնանցքի եւ դրա ծանր պայմանների հետ գեղեցիկ լեգենդ են կապում. վաճառական Սելիմը շտապում էր իր սիրելիի մոտ, բայց ճանապարհին մոլորվեց եւ սառեց: «Տեսեք` ինչ ձմեռներ են այստեղ»,- հուշարձանի վերակացուն իր բջջային հեռախոսով ցույց է տալիս մի լուսանկար, որտեղ ձյունը գրեթե ավտոմեքենայի տանիքին է հասնում:





























