Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր:

Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է: Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաեւ հետեւողական քայլեր է կատարել Եվրոպական Հանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:

Իսկ Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-բելգիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ Նախագահը գոհունակությամբ է խոսել բարեկամության եւ փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերությունների մասին` նշելով, որ բարձր մակարդակի վրա են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերը:

Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական համագործակցությանն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ շրջանակում:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխայցելությունների ակտիվացման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացներին: