ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը նշել է, որ եվրաինտեգրումը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից:
Կողմերը խոսել են Արեւելյան գործընկերության ծրագրի ընձեռած նոր հնարավորությունների մասին: Նրանք ընդգծել են, որ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը նաեւ Կովկասի երկրների միջեւ համագործակցությունը խթանելու, կայունություն եւ համերաշխություն հաստատելու արդյունավետ միջոց է:
Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն եւ ԼՂ բանակցային գործընթացին առնչվող հարցեր:



























