Իշխանափոխության ֆոնին կադրային ջարդից հետո պետական կառույցները լցվել են անփորձ երիտասարդներով։ Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ դա արվել է ոչ թե կառավարությանն ու նրա ենթակա գերատեսչություններին երիտասարդ հեռանկարային մասնագետներով ապահովելու, այլ գործող իշխանության աջակիցների կողմից դրանք «գրավելու» նպատակով։
«Արդյունքում մեր երկիրը վերածվել է փորձադաշտի։ Օրենքներում փոփոխություններ են կատարվում։ Նույն օրենքներում մի քանի ամիս անց արդեն այլ՝ ծայրահեղ հակասական փոփոխություններ կկատարվեն, եւ այսպես շարունակ»,-դժգոհեց Մանուկյանը։




























