Ստամբուլի բորսայի (BIST) ինդեքսները երկուշաբթի մինչ փակվելը մեկ ժամում նվազել են 7%-ով: Ինչպես վկայում են բորսայի օնլայն առեւտրի տվյալները, այս պահին հիմնական BIST100 ինդեքսը կորցնում է նախորդ սակարկությունների փակման մակարդակի 7,11%-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գնանշումների կտրուկ անկման հետ կապված BIST ավտոմատ համակարգը նախկինում երկու անգամ ժամանակավոր դադարեցրել է բաժնետոմսերի եւ ֆյուչերսների առեւտուրը, երբ գնանշումները սկսել են նվազել ավելի քան 5%-ով։ BIST100-ը նվազել է 148 կետով։ Միայն կեսօրին գնանշման աճ է գրանցվել 140-150 կետով, որին հաջորդել է անկումը։ BIST30 ինդեքսը նվազել է 7,39%-ով։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ստամբուլի բորսայում ինդեքսներն անշեղորեն աճել են՝ նույնիսկ պատմական ռեկորդ սահմանելով՝ 2406 կետով։
Ինդեքսների անկումը տեղի է ունենում բաժնետոմսերի եւ ֆյուչերսների գործարքների թվի աճի եւ թուրքական լիրայի անկման ֆոնին։ Երկուշաբթի այն կրկին արժեզրկվել է գրեթե 9%-ով։ Նախ թուրքական ազգային արժույթը վաճառվել է ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց 17,04 լիրայով, իսկ օրվա վերջում այն հասել է մեկ դոլարի դիմաց 17,8 լիրայի մակարդակի։ Ընդ որում, տարեսկզբից թուրքական արժույթը դեւալվացվել է ավելի քան երկու անգամ։ Հունվարին մեկ դոլարի համար վճարել են մոտ 7,3 լիրա։
Կիրակի լիրայի փոխարժեքի հերթական անկումը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարության հետ, որ հանրապետության իշխանությունները մտադիր չեն բարձրացնել տոկոսադրույքը։ Նրա ծրագրերի մեջ է մտնում այն հասցնել մինչեւ 4%-ի՝ ներկայիս 14%-ի դիմաց։ Նման քաղաքականությունը, ըստ իշխանությունների, ի վերջո կամրապնդի երկրի տնտեսությունը։ Սակայն շատ փորձագետներ կասկածում են, որ Էրդողանի գործողությունները ճիշտ են։





























