Հայաստանի կրթության կրթության ոլորտի պատասխանատուները, խոստովանելով, որ այնուամենայնիվ մաթեմատիկայի միասնական քննությունների թեսթերում նաեւ դպրոցական ծրագրից դուրս հարցեր են եղել, որոշել են մի յուրօրինակ համաներում էլ դիմորդների համար հայտարարել։ Կրթության նախարար Արմեն Աշոտյանն անձամբ հայտարարել է, որ թեսթերի հեղինակները սխալմունք են թույլ տվել եւ թեսթերի մեջ են ընդգրկել դպրոցական ծրագրին չառնչվող 4 հարց։ Ուստի որոշվել է, որ հիշյալ հարցերին սխալ պատասխանները հաշվի չեն առնվի։ Մասնավորապես, որոշվել է մասնագետների այս բացթողումը փոխհատուցել մաթեմատիկայի միասնական քննությանը մասնակցած բոլոր դիմորդների գնահատականները 1 միավորով բարձրացնելով։ Նախարարին թվացել է, որ սրանով արդարացի լուծում է տրվել այս բավականին նուրբ ու ցավոտ հարցի։ Մինչդեռ, իրականում փորձելով դանակի մի հարվածով լուծել թնջուկը, կրթության նախարարը ստեղծեց երկու նոր հիմնախնդիր, Որից մեկին նա կառնչվի արդեն իսկ մեկ-երկու շաբաթից, իսկ մյուսին՝ ուղիղ մեկ տարի հետո։
Կրթության պաշտոնյաները, առանց հանգամանորեն քննելու, թե ինչպես են կողմնակի հարցեր հայտնվել թեսթերի մեջ, մի յուրօրինակ նախադեպ են ստեղծում հաջորդ տարվա համար։ Գաղտնիք չէ, որ թեսթեր կազմողներից շատերը միաժամանակ նաեւ կրկնուսույցներ են, եւ ամենայն հավանականությամբ նման «բացթողումը» նրանց շահերից է բխում։ Հենց այն հանգամանքը, որ այդ դասախոսները անմիջականորեն առնչվում են թեսթերին, իրենց նկատմամբ ապագա դիմորդների հետաքրքրությունն ավելի է մեծանում։ Սրան զուգահեռ արհեստականորեն աճում է նաեւ նրանց մասնավոր պարապմունքների գինը։ Հաճախ նման դասախոսներին շատ ավելին են վճարում, քան սովորական դասախոսին, եթե նույնիսկ վերջինս մի քանի անգամ ավելի արհեստավարժ է։ Սա էլ, իր հերթին, այսպես ասած «իրազեկ» կրկնուսույցին ստիպում է ամեն քայլի դիմել, որպիսի սանը քննությունների ընթացքում բարձր միավորներ ստանա եւ դրանով իսկ արդարացնի ստանձնած պարտավորության դիմաց իր համարժեք գումար վերցնելու հանգանմանքը։ Սա էլ ենթադրում է, որ հիշյալ կրկնուսույց դասախոսը պետք է ջանա իր սանին ոչ միայն նախապես ծանոթացնել քննական հարցերին, այլեւ թեսթերի մեջ ընդգրկել այնպիսի հարցեր, որոնք շարքային դիմորդի գիտելիքների պաշարից դուրս են եւ դրանց ի զորու կլինի պատասխանել միայն «իր թրի տակով անցածը»։
Այսուհանդերձ, նախարարության պաշտոնյաները չեն էլ փորձում փակել այս սողանցքը, արմատական քայլերով նվազագույնի հասցնել թեսթերի կազմմանը դրանց հեղինակների շահագրգիռ միջամտության հնարավորությունը։ Ստացվում է, որ այս պարագայում հաջորդ քննական տարում մենք դարձյալ առնչվելու ենք նման խնդիրների։
Իսկ ահա մոտ ապագայի հիմնահարցը արդար մրցակցությունը խախտելն է։ Նախարարությունը, հավասարություն դնելով վերոհիշյալ 4 դժվար հարցերին պատասխանողների եւ չպատասխանողների միջեւ, ըստ էության ավելի սրեց իրավիճակը, քանի որ երբ շուտով սկսվի քննություններ ավարտական փուլը եւ այս կամ այն բուհ ընդունված համարվելու համար մրցույթային միավորների հաշվարկի հարց առաջանա, արդեն միանգամայն արդարացի դժգոհություն կարող է ծագել դիմորդների մեջ՝ արհեստականորեն շնորհված միավորների կապակցությամբ։



























