Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը նամակ է գրել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության պաշտոնական հանդիսություններին ներկա գտնվելու հրավերի համար:
«Ես մեծապես գնահատում եմ այս հրավերը, եւ ինձ համար մեծ պատիվ կլիներ Ձեզ միանալ այս հիշարժան եւ կարեւոր իրադարձության առիթով: Ցավոք, նախնական կարեւոր պայմանավորվածությունների պատճառով չեմ կարողանա այցելել Հայաստան :
Այնուամենայնիվ, հաճույքով տեղեկացնում եմ Ձեզ, որ արդեն խնդրել եմ փոխնախագահ Լիբոր Ռուչեկին ներկայացնել ինձ եւ Եվրոպական խորհրդարանը այս հատուկ առիթով»,- նշել է Բուզեկն ու հավելել. «Թույլ տվեք օգտվել ընձեռված հնարավորությունից եւ Ձեզ հղել Հայաստանի անկախության վերականգնման 20-րդ տարեդարձի կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքները: Ես իրապես գնահատում եմ այն կառուցողական եւ օգտակար հանդիպումները, որոնք մենք ունեցանք մայիսի 18-ին Հայաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, որոնց շնորհիվ էլ ավելի ամրապնդվեցին հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի միջեւ: Ես պատիվ ունեցա իմ հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»:
«Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանում եւ տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության ամրապնդման գործում: Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ հիացմունքը եւ լիակատար աջակցությունը այս հիմնարար արժեքները տարածելու Ձեր կարեւոր ջանքերին, որոնք մեր մայրցամաքի հիմնարար սկզբունքներն են»,- նշել է Եվրոխորհրդարանի նախագահը:




























