2022-2023 ուսումնական տարվա սկզբին կանցկացվի ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարելի է ծանոթանալ ծրագրին միանալու և GLOBE ասոցացված դպրոց դառնալու հնարավորություններին, ինչպես նաև ծրագրի առանցքային նշանակության նախագծերին:
Հետաքրքրված բոլոր դպրոցները հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ` լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 26-ը:
Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարով։
Նշենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանը, ի թիվս ավելի քան 120 երկրների, 2021 թվականին միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որի նպատակն է աջակցել գլոբալ ուսուցմանը և հետազոտություններին՝ հանուն կայուն զարգացման։




























