Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը:

Արամ Պապոյանը Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր է, նույն համալսարանի Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի բազային ամբիոնի վարիչ, Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր, «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ:

Անդամակցել է  Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» հիմնադրամին, ՀՀ նախագահի մրցանակի ֆիզիկայի հանձնախմբին, Եվրոպական օպտիկական ընկերությանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտխորհրդին, ՀՀ ԳԱԱ նախագահությանը:

Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ նախագահի ֆիզիկայի մրցանակի,  Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի, Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող:

Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 30 գիտական հոդվածի, 13  զեկույցի հեղինակ է: Նա ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է 1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև տնօրեն:

Տիգրան Զաքարյանը  ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին:  Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը նա եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, 2008-2016 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ռադիոտեխնիկայի և կապի ամբիոնի վարիչ: