Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ղարաբաղյան հակամարտության կողմերց ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին, Մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն. պարզապես եթե Հայաստանը ակնհայտ կերպով չի հայտարարում դրա մասին, ապա Ադրբեջանը այդ փաստը չի թաքցնում։ Օգոստոսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
«Դատելով Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններից՝ կարելի է եզրակացնել, որ եթե հակամարտության շուրջ բանակցություններն ամբողջությամբ փակուղի չեն մտել, ապա գոնե երկար ժամանակ է պետք հասկանալու, թե ինչի շուրջ են ընթանալու դրանք»,- նկատեց նա։
Քաղաքագետի գնահատմամբ, ԼՂ հակամարտության շուրջ հաստատված ստատուս-քվոն, ամեն դեպքում, ձեռնտու է Հայաստանին, ինչպեսեւ ձեռնտու է միջազգային հանրության համար։ «Անխոս, ստատուս քվոն ձեռնտու է Հայաստանին, իսկ միջազգային հանրությունը ցանկանում է, որ Հարավային Կովկասում կայունություն պահպանվի»,- ասաց Զոլյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի համար հակամարտության փոխզիջումային որեւէ տարբերակ ընդունելի չէ եւ որ այդ երկիրն «ամեն ինչ միանգամից է ուզում»։
Ամփոփելով՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման խնդիրը պետք է մշտապես օրակարգում մնա։ «Ճանաչման գործընթացը պետք է սկսվի Հայաստանից։ Միայն դրանից հետո նույն քայլին կհետեւեն նաեւ աշխարհի մնացած պետությունները։ Իսկ առայժմ չեմ կարծում, որ դրանցից մեկնումեկը պատրաստ է ճանաչել ԼՂՀ-ն»,- ասաց Զոլյանը։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովը 15 կողմ, 62 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով, ամիսներ առաջ մերժել էր Ազգային ժողովի նիստերի օրակարգ մտցնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված օրինագիծը:




























