«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «25-ից բարձր տարիք ունեցող մարդը, որպես կանոն, չի կարող լինել ոչ ֆանատիկ, ոչ «զոմբի», չի կարող ոչ մի բանի նկատմամբ կույր ատելություն կա´մ կույր սեր տածել։ Եթե հասուն մարդն այդպիսի որակներ է դրսեւորում, նա կամ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով՝ ձեւեր է թափում, կա´մ էլ հոգեբույժի օգնության կարիք ունի։ Երբ 60-ին մոտ «ընդդիմադիր» կանայք փողոցում «ղարաչիություն» են անում, ես հակված եմ մտածել, որ նրանք բացարձակապես զոմբիացած չեն, միանգամայն առողջ են եւ առաջնորդվում են սթափ հաշվարկներով, գուցե նաեւ՝ զուտ նյութական։

Երբ նմանատիպ գործով զբաղված են ՀԱԿ-ի երիտասարդները, ես դարձյալ չեմ կարծում, որ նրանք բոլորը կարցրել են իրենց առաջնորդների ասածները քննադատաբար ընկալելու եւ ընդհանրապես՝ ամեն ինչ կասկածի տակ առնելու առողջ հատկությունները։

Ինձ թվում է, որ «զոմբիացման վտանգը շատ ավելի մեծ է հակառակ ճամբարի երիտասարդների՝ պայմանականորեն ասած՝ «բազեների» մոտ։ «Ավագ ընկերները» համոզել են նրանց, որ կյանքում ամենակարեւոր բաները պաշտոնն ու փողն են, եւ երկրորդը «տրամաբանորեն» բխում է առաջինից։ Եվ դրա համար պետք է ամեն ինչ անել՝ երբեմն, սակայն, ինչ-որ բառեր արտասանելով հայրենասիրության եւ նժդեհականության մասին։ Ի տարբերություն առաջին խմբի՝ նրանք իրենց «համոզմունքների» էմպիրիկ հաստատումը տեսնում են ամեն մի քայլափոխի։ Անսահման ցինիզմը նույնպես, իմ կարծիքով, մոլեռանդության եւ աղանդավորության դրսեւորում է։

Բարեբախտաբար, երիտասարդների այս երկու խմբերը միասին վերցրած, Հայաստանում փոքրամասնություն են կազմում։