Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիան նոր փուլ է թեւակոխում։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետ հերքել է այն խոսակցությունները, թե Հյուսիսային Իրաքում իրականացրած գործողությունների ընթացքում թիրախում քաղաքացիական անձիք են եղել։ Էրդողանը պնդել է, թե Հյուսիսային Իրաքում PKK-ի ճամբարների դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են:

«Մենք ահաբեկչության դեմ պայքարում նոր փուլ ենք մտնում։ Նախկինում մեղավորին եւ տուժյալին իրարից առանձնացնելու մեջ անհրաժեշտ հոգատարություն չի ցուցաբերվել», -ասել է Էրդողանը։

Նշենք, որ օգոստոսի 17-ից 19-ը Թուրքիայի հրետանին եւ օդուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները։ Ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է նաեւ քաղաքացիական 7 անձ։  Իրաքի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն իր երկրի տարածքում։