Կա մի անհարմար ճշմարտություն, որը Վաշինգտոնում գրեթե ոչ ոք չի ցանկանում քննարկել, եւ դա այն է, որ ԱՄՆ-ի համար ամենամեծ արտաքին սպառնալիքը ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանն են, այլ Եվրամիությունը, գրում է Newsweek-ը։
«Սա չի նշանակում, որ Եվրոպան ԱՄՆ-ի թշնամին է կամ աշխարհաքաղաքական լուրջ մրցակից։ Չնայած եվրոպացիները սիրում են բողոքել ամերիկյան մշակույթի գռեհկությունից, նրանք օգտագործում են այն անընդհատ, զանգվածաբար, եւ երկու մայրցամաքների միջեւ հարաբերություններն ավելի շատ բնորոշվում են փոխադարձ բարեկամության, քան թշնամանքի զգացումով:
Այնուամենայնիվ, բարեկամական ծաղրանքի տակ իսկական աշխարհաքաղաքական խնդիր է հասունացել եւ գնալով ակնհայտ է դառնում, որ եվրոպացիները չափազանց հպարտ են, իսկ ԱՄՆ-ն չափազանց շատ է նոստալգիայի մեջ, որպեսզի ընդունի դա։
Սա սկսվել է դեռեւս 1990-ականներին նախկին Հարավսլավիայի փլուզմամբ, որը պետք է լիներ փոքր տարածաշրջանային հակամարտություն, որը կարող էր կառավարել եվրոպական խոշոր տերությունները, հատկապես՝ Ֆրանսիան եւ վերամիավորված Գերմանիան: Ավաղ, հենց ԱՄՆ միջամտությունը հանգեցրեց 1995-ին խաղաղության, ապա կրկին 1999-ին՝ Սերբիայի եւ Կոսովոյի մասնակցությամբ ճգնաժամից հետո։
Բալկաններում պատերազմից հետո եվրոպացիները հաստատվեցին հետսառը պատերազմյան աշխարհում, որը ղեկավարում էր Միացյալ Նահանգների հեգեմոն ուժը՝ անվճար ապահովելով անվտանգությունը: Արդիական է մնում եվրոպական թերթերում եւ համալսարանական ֆակուլտետներում ամերիկյան գերակայության մասին բողոքելը։ Պաշտպանության վրա գումար ծախսելու փոխարեն Արեւմտյան Եվրոպան կարող է օգտագործել ամերիկյան պաշտպանությունից ստացված դիվիդենդները։
Գերմանիան այժմ հազիվ է կատարում իր ֆինանսական պարտավորությունները ՆԱՏՕ-ի հանդեպ, ինչն անհանգստացրել է եւ՛ Թրամփին, եւ՛ Օբամային, թեեւ դա արտացոլում է շատ եվրոպացիների վերաբերմունքը. չկան այլեւս սպառնալիքներ եւ մրցակցություններ, միայն տնտեսական շահեր եւ հարմարավետ կյանք: Պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում նախագծվել եւ կառուցվել են այժմ հայտնի Հյուսիսային հոսք 1-ը եւ 2-ը։
ԱՄՆ-ն Ուկրաինային երկու անգամ ավելի շատ օգնություն է տրամադրում, քան ԵՄ-ն ու նրա անդամ երկրները միասին վերցրած՝ ցույց տալով, որ նույնիսկ հիմա Եվրոպան չի արթնացել իր աշխարհաքաղաքական նիրհից։
Մյուս կողմից, Վաշինգտոնը դեռեւս չի ցանկանում իր եվրոպացի ընկերներին ուղարկել անհրաժեշտ ահազանգը։
Ոչ մի հարաբերություն չի կարող աշխատել միակողմանի կախվածության մեջ, որը հանգեցնում է միայն դժգոհության եւ թուլության: ԱՄՆ-ն դեռ ուժեղ է, բայց ոչ այնքան ուժեղ, որ միայնակ կանգնի Ասիայից Արեւելյան Եվրոպա տանող բոլոր հիմնական սպառնալիքների դեմ, եւ ժամանակն է, որ ԵՄ-ն ստանձնի իր հարեւանության պատասխանատվությունը»,-գրում է Newsweek-ը։





























