Ֆլորենցիայում վերականգնողներն աշխատում են վերականգնել 17-րդ դարի կտավը, որում պատկերված է մերկ կին։ Կտավը ժամանակին ենթարկվել էր քննադատության։

«Տենչի ալեգորիա» կտավի հեղինակը իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկին է։ Կտավն ստեղծվել է 1616թ. եւ ինքնանկար է համարվում։ Բայց 70 տարի հետո կտավը պատվիրողի հետնորդը կնոջ մերկությունն անպարկեշտ է համարել եւ վճարել է նկարչին, որպեսզի նա կնոջ մերկությունը ծածկի քողով եւ վարագուրի նրան։

Վերականգնողներն օգտագործում են ուլտրամանուշակագույն լույսը, դիագնոստիկ վիզուալացումը եւ ռենտգենյան ճառագայթները, որպեսզի ուսումնասիրեն կտավը եւ պարզեն, թե ինչպես վերականգնեն այն թվային տեսքով։

Քողը ջնջել չի հաջողվի, բայց վերականգնողները կստեղծեն թվային տարբերակ, որը ցույց կտա, թե ինչպիսի տեսք է ունեցել այն՝ ուշադիր ուսումնասիրելով վրձնահարվածները։

Ջենտիլեսկիի կենսագրությունը նույնպես բավական գրավիչ է, նա կարեւոր դեմք է եղել իտալական արվեստի պատմության մեջ։ Կինը Հռոմից Ֆլորենցիա էր եկել 17 տարեկանում, որտեղ նրա բռնարարին դատել եւ դատապարտել էին ութ ամսվա բանտարկության։

Ջենտիլեսկին ստիպված է եղել ցուցմունք տալ ահավոր դատարանում, նրա մատները կապել էին պարանով եւ ձգում էին՝ մինչ նա խոսում էր, որպեսզի ապացուցեն, որ կինը չի ստում։ Նա նաեւ ստիպված է եղել բուժզննում անցնել, որը պետք է պարզեր, թե կույս է նա արդյոք։

«Մեկ ուրիշը կընկճվեր այս փորձից»,- ասել է առաջատար վերականգնող Էլիզաբեթ Վիկը։ «Բայց Արտեմիզիան այդ ահավոր դեպքից հետո գալիս է Ֆլորենցիա, որտեղ ստանում է հիանալի պատվեր, որպեսզի ամբողջ հասակով նկարի մերկ մարմինը Casa Buonarroti-ի առաստաղի համար։ Դրանով իսկ նա մարդկանց ասել է. «Տեսեք, թե ինչի եմ ես ընդունակ»։

Artemisia Up Close նախագծի համակարգող Լինդա Ֆալկոնեն ասել է. «Նրա շնորհիվ մենք կարող ենք խոսել այն մասին, թե որքան կարեւոր է վերականգնել արվեստի գործերը, որքան կարեւոր է առաջին պլան վերադարձնել կանանց պատմությունները»։