Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կենդանի երկփեղկ կակղամորթ, որը, ինչպես համարվում էր, 40 000 տարի առաջ է անհետացել: Բացահայտումը հրապարակվել է ZooKeys ամսագրում։

Cymatioa cooki կակղամորթն ավելի քան 40 000 տարեկան բրածոներով է միայն հայտնի: Այդ պատճառով գիտնականները ենթադրում էին, որ կենդանին վաղուց անհետացել է, բայց իրականում նա պարզապես թաքնվում էր գիտությունից։

2018 թվականին ծովային բնապահպան Ջեֆ Գոդարդը Կալիֆոռնիայի ափերի մոտ 11 միլիմետր երկարությամբ սպիտակ կիսաթափանցիկ երկփեղկ կակղամորթ է նկատել: Այնուհետեւ կենսաբանի ծանոթը՝ Սանտա Բարբարայի բնական պատմության թանգարանի աշխատակից Փոլ Վալենտիչ-Սքոթը, արարածի մեջ ճանաչել է Cymatioa cooki-ին։

1930-ական թվականներին նրան առաջին անգամ նկարագրել է հնագետ Ջորջ Ուիլետը եւ կենդանուն անվանել է Էտնա Կուկի պատվին, որը խեցիների տեղական կոլեկցիոներ է եւ իր կյանքի ընթացքում 30 000 նմուշների հավաքածու է ստեղծել:

2019 թվականին գիտնականներին հաջողվել է գտնել կենդանի կակղամորթի, որին նրանք մանրամասն նկարագրել են։ Մինչ այժմ նրանք առնվազն երեք արարած են հայտնաբերել։

Կակղամորթին տեղավորել են կենդանիների Lazarus խմբում, որն անվանվել է մեռածներից հարություն առած աստվածաշնչյան հերոսի անունով: