Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Զուգարանի համաշխարհային օրվա առիթով գրառում է հրապարակել LinkedIn-ում, որտեղ խոստովանել է, որ իր կյանքում «տարօրինակ շատ բաներ» է արել, տեղեկացրել է Business Insider պորտալը։
«Այս տարիների ընթացքում ես տարօրինակ շատ բաներ եմ արել. խմել եմ կղանքի ջուր Ջիմի Ֆելոնի հետ, մի բեմահարթակում կանգնել եմ մարդու կղանքը ձեռքիս եւ հոտոտել եմ աղբահորի հոտով օծանելիք։ Այս բոլոր արարքները մարդկանց ծիծաղն են առաջացրել, բայց իմ նպատակը միշտ եղել է միայն այն, որպեսզի ստիպեմ մարդկանց մտածել այն խնդրի մասին, որը վերաբերում է ամբողջ աշխարհում 3,6 մլրդ մարդու. ես խոսում եմ հիգիենայի ցածր մակարդակի մասին։ Ամբողջ աշխարհի գիտնականների եւ ինժեներների շնորհիվ մենք ավելի ենք մոտենում նոր լուծումների, որոնք կկանխեն [այդ խնդրի հետ կապված] հիվանդությունների տարածումը»,- գրել է Գեյթսն իր օգտահաշվում։
2015թ. միլիարդատերն ամերիկացի հաղորդավար Ջիմի Ֆելոնի հետ միասին խմել է մեկական բաժակ հեղուկ, որն ստացվել էր Omni-Processor տեխնոլոգիայի օգնությամբ. այն թույլ է տալիս մարդու կղանքը եւ կենսագործունեության այլ մնացորդները վերածել մաքուր խմելու ջրի։ Մեկ տարի հետո Շվեյցարիայում արոմատիզատորների եւ օծանելիքների Firmenrich ֆաբրիկայում Գեյթսը հոտոտել է «աղբահորի հոտով» օծանելիքը։ Գործարարը հետագայում հիշատակել է, որ գարշահոտն այնքան զզվելի էր, որ ինքն անգամ «ցնցվել» է։




























