Հայաստանում իրավիճակն ավելի լավ է, քան 10-15 տարի առաջ, սակայն հասարակության մեջ չկա 90-ականների սկզբին առկա ոգեւորությունը: Այսօր` սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
«90-ականների սկզբին մեր երկիրը նույնպես բարդ աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրավիճակում էր, սակայն եվրաինտեգրացիայի եւ ճգնաժամի հաղթահարման գաղափարների շուրջ համախմբվեցին բոլորը` էլիտան եւ լայն հասարակությունը, իշխանությունը եւ ընդդիմությունը: Վճռական եւ հետեւողական բարեփոխումները, որը մենք ժամանակին անվանեցինք «Բալցերովիչի պլան», օգնեցին մեզ երկու տասնամյակում ստանալ այն, ինչ ունենք այսօր: Իհարկե, Լեհաստանն այդքան հարուստ երկիր չէ, ինչպես Գերմանիան: Չունի այդ քանակի տեսարժան վայրեր, ինչպես Իտալիան: Սակայն Լեհաստանի տնտեսությունն այսօր աշխարհում 6-րդն է, իր ներդրումային գրավչությամբ:
Անգամ այն, ինչը երազանք է թվում, կարող է իրականություն դառնալ, եթե կա վճռականություն եւ էներգիա»,- հայտարարեց Ռաչինսկին:
Նրա խոսքով, առաջին անգամ ինքը Հայաստան է այցելել 1990-ականներին եւ երկրի կյանքում փոփոխությունները հսկայական են: «Կա ջուր եւ էլեկտրաէներգիա, հայտնվել են նոր շենքեր, սակայն հասարակության մեջ չկա այն ոգեւորությունը, որ կար այն ժամանակ»,- ամփոփել է դեսպանը:




























