Մարդու աչքը տարբեր կերպ է արձագանքում մայրենի եւ օտար լեզվով տեքստին: Այս մասին հայտնում է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի մամուլի ծառայությունը։

Սա հաջողվել է պարզել աչքի շարժմանը հետեւող սարքի՝ «այթրեքերի» կիրառմամբ փորձերի ժամանակ։ Կամավորները 19-27 տարեկան ռուս ուսանողներ են եղել։ Գիտնականները գրանցել են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են բիբի լայնությունը, թարթելու հաճախականությունը, աչքերի շարժման տատանումները, դրա արագությունն ու հաճախականությունը, ինչպես նաեւ հայացքը որոշակի կետում ֆիքսելու ժամանակը։ Այս տվյալները համեմատվել են ընթերցողի համար տեքստի սուբյեկտիվ բարդության հետ։ Պարզվել է, որ լեզվի իմացության մակարդակի ամենափոքր տարբերությունները ազդում են աչքերի շարժումների վրա։ Բացի այդ, մարդու աչքերը տարբեր կերպ են արձագանքում արտասահմանյան տեքստին նույնիսկ բարձր մակարդակի տիրապետման դեպքում:

Գիտնականները կարծում են, որ իրենց համակարգը կկարողանա ավտոմատ կերպով գնահատել մարդու լեզուների իմացությունը։ «Մենք կարծում ենք, որ աչքերի շարժման պարամետրերը թույլ են տալիս որոշել օտար լեզվի իմացության մակարդակի տարբերությունը՝ հիմնվելով բնական համատեքստում սահուն կարդալու վրա: Դրանց օգնությամբ կարելի է հարցեր չտալ կարդացածի մասին»,- կարծում է ՆՆՊՀ կիբերհոգեբանության լաբորատորիայի վարիչ Վալերիա Դեմարյովան:

Հետագայում գիտնականները նախատեսում են լրացնել «այթեքերը» էնցեֆալոգրամայի անընդհատ կիրառմամբ: