Թուրքիան ձգտում է իսլամական աշխարհում դառնալ առաջատար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին` նա նշեց, որ այդ հարաբերություններում ամենազարգացածը ռազմական համագործակցությունն էր, եւ սառեցնելով ռազմական պայմանագրերն ու մինիմումի հասցնելով դիվանագիտական հարաբերությունները` լրջագույն ձեւով կփոխեն այդ հարաբերությունները:
«Սա Թուրքիայի կողմից մեծ զոհողություն է, եւ ենթադրվում է, որ այն պետք է արդարացված լինի Թուրքիայի համար»,- նշեց թուրքագետը:
Նա հիշեցրեց, որ Թուրքիան Իսրայելից պահանջեց, որ նա ներողություն խնդրի` կապված «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպի հետ: Այնուհետեւ Թուրքիան պահանջեց, որ անօրինական ճանաչվի Գազայի հատվածի շրջափակումը Իսրայելի կողմից:
«Սա պահանջում է մի պետություն, որն ավելի քան 90 տարի հրաժարվում է ներողություն խնդրել 1,5 մլն զոհերի համար: Սա պահանջում է մի երկիր, որը շուրջ երկու տասնամյակ անօրինական կերպով շրջափակել է Հայաստանը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ Իսրայելը կակտիվացնի հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը: Նրա խոսքով` որոշ պետություններ Հայոց Ցեղասպանության հարցը փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով եւ դա չի կարող համարվել անկեղծ, այլ պահի թելադրանքով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել էին «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։ Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք: «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու:Դավութօղլուն շեշտել էր, թե մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից, կվերադառնան Թուրքիա։ Նախարարն ընդգծել էր, որ Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն առկախվելու:




























