Իրավական տեսանկյունից Հայաստանն առաջինն առկախեց հայ-թուրքական արձանագրությունները, պարզապես երկու երկրների միջեւ օրենսդրական տարբերություններ կան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ եթե թուրքական խորհրդարանում ավտոմատ այդ արձանագրությունները դուրս մղվեցին, ապա Հայաստանում նախագահն ինքը կասեցրեց գործընթացը:
Նրա խոսքով` արդեն վաղուց հայ թուրքական արձանագրությունները եւ հարաբերությունները գտնվում են փակուղում եւ փակուղին գնալով խորանում է, իսկ հետեւանքը կարող է լինել այն, որ արձանագրությունները կարող են չեղյալ հայտարարվել, ինչի համար անհրաժեշտ է, որ Հայաստանը կամ Թուրքիան հետ կանչեն իրենց ստորագրությունը:
«Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունը, որ այս գործընթացը չի կարող անվերջ լինել, կարելի է եզրակացնել, որ ստորագրությունը հետ կանչելը միշտ էլ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- ասաց թուրքագետը` կանխատեսելով, որ դրանից հետո կշարունակվի հայ-թուրքական լարված հարաբերությունները, շրջափակումը, իսկ միջազգային ասպարեզում Թուրքիայի այն հայտարարությունները, որ ինքը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, ոչ մի պետություն լուրջ չի ընդունելու:
Ի հակակշիռ քաղաքական հարաբերությունների տապալման` Թուրքիան, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, զարգացնելու է հասարակական հարաբերությունները` համագործակցությունների տեսքով, դրա համար ստանալով միջազգային գրանտատու կառույցների հավանությունը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի ներգործությանը հայ-թուրքական հարաբերությունների վրա, ապա բանախոսի կարծիքով` ԼՂ խնդիրը որեւէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Այնպես ինչպես Կիրպոսի խնդիրը կապ չունի Հայաստանի հետ, այդպես էլ Ղարաբաղի խնդիրը կապ չունի Թուրքիայի հետ, քանի որ երկուսի դեպքում էլ խոսքը երրորդ պետության մասին է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով` թուրքական արտաքին քաղաքականության հռչակած տեսակետը, թե Թուրքիան ձգտում է զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ, սնանկ է: «Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա կեղծիք է եւ Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի ոչ միայն հարեւան երկրների, այլեւ տարածաշրջանային երկրների հետ: Թուրքիան խնդիրներ ունի Հայաստանի, Սիրիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Հունաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ: Թուրքիայի պես պետությունը չի կարող զրո խնդիր ունենալ հարեւանների հետ, քանի որ ինքը խնդրահարույց երկիր է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նշենք, որ Թուրքիայի կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ որեւէ աշխատանք չի իրականացվելու եւ Թուրքիայի կողմից ոչ անկեղծ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ ապրիլին առկախեց այդ արձանագրությունները մինչեւ Թուրքիան պատրաստակամություն ցուցաբերի` վերադառնալու դրան:




























