Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 6-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում Սուրբ աթոռի առաքելական նվիրակին` անցած ավելի քան 8 տարիներին սերտ եւ արդյունավետ համագործակցության համար եւ բարձր գնահատել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի անձնական ներդրումը Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին նաեւ հայագիտական գործունեության, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու անկեղծ ջանքերի համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում:




























