Թեեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պնդում է, թե Հայաստանի բնակչության 85 տոկոսը վատ է ապրում, հետեւաբար նաեւ խնայողություններ չունի, այնուամենայնիվ հարցը` ինչպե՞ս եւ որտե՞ղ պահել խնայողությունը, կարծում եմ` ակտուալ է հայ հասարակության համար բոլոր ժամանակներում: Մենք միշտ էլ, բոլոր դարերում աչքի ենք ընկել խնայելու եւ խնայողությունները թաքցնելու անսովոր հատկությամբ: Այդպես դարեսկզբին մեր միլիարդները կորան եվրոպական ապահովագրական ընկերություններում ու թաղված մնացին Արեւմտյան Հայաստանի անդաստաններում, թեեւ կարող էին ծառայել Հայաստանի վերելքին:

Հիմա, 1 դար հետո, պատմությունը կարծես թե կրկնվում է: Մենք շարունակում ենք խնայողություններ կուտակել եւ մտատանջվել այն հարցի շուրջ, թե ինչպես եւ որտեղ դրանք պահել: Իսկ մտատանջվելու պատճառ իսկապես կա: Ոսկին շատ է թանկացել, իսկ դոլարն ու եվրոն չափազանց անհուսալի են: Անշարժ գույքը 2009-ի ցնցումից հետո այլեւս գրավիչ չի լինի երկար ժամանակ: Փողը Եվրոպա հանելը, ինչը մեր օլիգարիխների սիրած գործն է, նույնպես վստահելի չէ` եվրոպական բանկերը կանգնած են ճգնաժամի առջեւ`մեծ քանակությամբ անհուսալի պարտատոմս գնելու պատճառով: Ի դեպ` այդ ճգնաժամը Հայաստանին շրջանցել չի կարող, քանի որ մեր կենտրոնական բանկը նույնպես հսկայական քանակությամբ նման անհուսալի պարտատոմս է ձեռք բերել:

Լավագույն տարբերակն այսպիսով խնայողություն չունենալն է: Սա բառախաղ չէ. երկրի ներսում սպառման ընդլայնումը նպաստում է ճգնաժամի հաղթահարմանն ու կանխարգելմանը: Բանաձեւը շատ պարզ է. Հայաստանը կզարգանա, եթե փողերը ոչ թե բարձի տակ պահվեն, կամ հորվեն այգում, ինչպես մեր նախնիներն էին անում, այլ ծախսվեն: Ցանկացած ծախսված դրամ եկամուտ է մեկ այլ անձի համար, հետեւաբար` տնտեսությունն աշխուժանում է ծախսելիս, ոչ թե կուտակելիս: Հետեւելով Ջ. Քեյնսի նմանատիպ խորհուրդներին`Արեւմուտքը զգալի տնտեսական հաջողություններ արձանագրեց տասնամյակների ընթացքում:

Այնուամենայնիվ` ենթադրենք առկա են ավելցուկային խնայողություններ, ու դրանց հուսալի ներդրման խնդիր կա: Նախ նշենք, որ լավագույն տարբերակը խնայողությունները դիվերսիֆիկացնելն է, ու պետք չէ վստահել ոչ մի «հեղինակավոր» վերլուծական կենտրոնի` այս կամ այն կանխատեսման հետ կապված:

Խնայողությունների դիվերսիֆիկացման մի քանի տարբերակներ կարելի է քննարկել: Օրինակ` ներդրման հաջող ձեւ է Հայաստանի կառավարության պարտատոմսերի ձեռքբերումը, ոչ ավելի, քան 2 տարով: Հայաստանի ներքին պարտքը ուռչում է մեծ տեմպերով, ու մի քանի տարի հետո կհասնի վտանգավոր մակարդակի: Բայց մինչ այդ առանց վախենալու կարելի է այդպիսի պարտատոմս ձեռք բերել: Հաշվի առնելով, որ դրանք բարձր տոկոս ունեն, կարելի է վստահ լինել, որ փոխարժեքային ռիսկերը (կատակլիզմների բացակայության պարագայում) կչեզոքացվեն:

Կարելի է նաեւ վստահել ոսկուն` առաջիկա 1-2 տարում հավանականությունը չափազանց մեծ է, որ ոսկու գինը կմնա բարձր, համենայնդեպս` ունցիան 1700 դոլարից բարձր: Սա պայմանավորված է արժեթղթերի նկատմամբ գլոբալ անվստահությամբ:

Որպես գերլիկվիդային ակտիվներ` եվրոն ու դոլարը նույնպես նախընտրելի ռեզերվային միջոցներ են, սակայն պետք է հաշվի առնել, որ եվրոյի ապագան ավելի մշուշոտ է, քան դոլարինը: Այդ պատճառով նույնիսկ հայկական դրամը կարելի է կարճաժամկետ կտրվածքով դիտարկել որպես խնայողության միջոց:

Սամվել Ավագյան