Նավթի շուկայի համար 2022-ն ավարտվում է գրեթե նույն դիրքերում, որոնցում եւ սկսվել էր՝ չնայած այն բոլոր իրադարձություններին, որոնք պետք է հանգեցնեին բեկման հումքի արդյունահանման այս հատվածում։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը, որն ամռանը վաճառվում էր 120 դոլարից բարձր, հիմա նորից վերադարձել է 76-77 դոլարի նշագծին։ Աշխարհում ամենամեծ ներդրումային բանկերից մեկի՝ Bank of America-ի վերլուծաբանների կարծիքով,  եկող՝ 2023թ. հումքի գնանշումները «լարված» են լինելու, գրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով փորձագետների կանխատեսմանը։

Աշխարհաքաղաքական եւ «նավթի շեմի» տիպի պատժամիջոցային խաղերի լարվածությունից զատ՝ կապված Ռուսաստանի հումքի հետ, համաշխարհային շուկան զգալու է այն խնդիրների հետեւանքները, որոնք կուտակվել էին դեռեւս 2020թ. կորոնավիրուսի համավարակի ժամանակ, կարծում են բանկի վերլուծաբանները։

Նրանց կանխատեսմամբ՝ 2023թ. մեկ բարել նավթի արժեքը կազմելու է մոտ 100 դոլար։ Բայց շուկան խիստ կտատանվի համաշխարհային ասպարեզում ուժերի դասավորության ցանկացած, անգամ քիչ նշանակալի փոփոխությունից։

«Շուկայում անկայուն հավասարակշռություն կհաստատվի, որը հեշտ կարող է խախտել ցանկացած խոշոր խաղացող»,- գրել է պարբերականը։

Նշվել է նաեւ, որ կողմերից յուրաքանչյուրը, լինի ՕՊԵԿ-ը, ԱՄՆ-ը, Չինաստանը, թե Ռուսաստանը, կաշկանդված կլինի իր գործողություններում։

Լրացուցիչ անորոշությունը, Bank of America-ի փորձագետների կարծիքով,  կապված կլինի համաշխարհային տնտեսությունում նկատվող ռեցեսիայի հետ։