Շվեդիայի կառավարությունը տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին նախազգուշացրել է պատրաստվել էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների՝ այս ձմռանը միջուկային ռեակտորների անջատումների, ցուրտ եղանակի եւ Եվրոպայում էներգիայի պակասի ֆոնին, հայտնում է Reuters-ը։
«Հոսանքազրկման վտանգը իրական է, եւ շվեդները պետք է պատրաստվեն դրան,- մամուլի ասուլիսում ասել է քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բոլինը,- Շվեդիան նախկինում երբեք չի եղել նման իրավիճակում»:
Էլեկտրաէներգիայի գները սկանդինավյան երկրներում այս տարի կտրուկ աճել են՝ մտավախությունների ֆոնին, որ Եվրոպա ռուսական գազի արտահանման կրճատումը կհանգեցնի դեֆիցիտի, իսկ Շվեդիայի կառավարությունն այս ամսվա սկզբին կոչ է արել մարդկանց ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել:
Նախարարն ասել է, որ արտակարգ իրավիճակների պլանները պետք է հաշվի առնեն էլեկտրաէներգիայի եւ՛ կարճաժամկետ, եւ՛ երկարաժամկետ անջատումների հնարավորությունը, երբ էլեկտրաէներգիան նախատեսվածի համաձայն չի վերականգնվում:
Պաշտոնական առաջարկությունները ներառում են մարտկոցով աշխատող ռադիո, լապտերներ, շշալցված ջուր եւ հեշտ պատրաստվող կերակուրներ պահելը:
«Ավելի լավ է պատրաստ լինել, քան չպատրաստվել: Սա խուճապի մատնվելու փորձ չէ»,- ասել է Բոլինը:
Շվեդական Vattenfall էներգետիկ ընկերությունը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ հետաձգել է իր Ringhals 4 միջուկային ռեակտորի վերագործարկումը մինչեւ փետրվարի 23-ը:
Շվեդիայի կառավարությունը անցյալ շաբաթ ասաց, որ խնդրել է ազգային ցանցի օպերատորին եւ երկրի էներգետիկ կարգավորող մարմնին ակտիվացնել աշխատանքը՝ բարելավելու էներգամատակարարման հուսալիությունը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:





























