Ուկրաինայի պատերազմն այս տարի համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է դրել նախկին խորհրդային հանրապետությունների արժույթները։

Bloomberg-ը գրում է, որ Վրաստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի արժույթները ԱՄՆ դոլարի նկատմամբ լավագույններից են այն բանից հետո, երբ փետրվարից տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ հաստատվել են այդ երկրներում՝ իրենց հետ բերելով միլիարդավոր դոլարների համարժեք խնայողություններ։

Փոքր երկրները գրավիչ ապաստարաններ են, քանի որ այնտեղ վիզա չեն պահանջում, խոսում են ռուսերեն, եւ խնայողությունները տեղական բանկերին փոխանցելու սահմանափակումներ չկան:

Դա հանգեցրել է նրան, որ տարեսկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 22%-ով՝ դառնալով աշխարհի առաջատար արժույթը, ըստ Bloomberg-ի կազմած տվյալների։ Վրացական լարին եւ տաջիկական սոմոնին արժեւորվել են համապատասխանաբար ավելի քան 16%-ով եւ 10%-ով՝ շրջանցելով ռուսական ռուբլու աճին։

«Հենց ռուսաստանցիներն են, որ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով երկար ժամանակով տեղափոխվում են այդ երկրներ, իրենց փողերը պահում են նման արժույթներով եւ ուռճացնում փոխարժեքը»,- ասում է Նատալյա Միլչակովան Freedom Holding Corp-ից։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ պատերազմը բացատրում է այս տարի Ռուսաստանից Վրաստան եկող տրանսֆերտների 5 անգամ աճը, որը կազմում է բոլոր փոխանցումների ավելի քան 60%-ը եւ գերազանցում է 1,75 մլրդ դոլարը։ Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն առաջին տասը ամիսներին կազմել են 2,8 մլրդ դոլար՝ գրեթե չորս անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Հոկտեմբերին դրանք հասել են ամենաբարձր մակարդակին՝ առնվազն 2004 թվականից ի վեր, հայտնել է Հայաստանի կենտրոնական բանկը:

Միաժամանակ, արժույթի վրա ռուսական ժամանումների ալիքի ազդեցությունը ավելի ուժեղ է փոքր հանրապետություններում։ 19 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանը, որը մոտ 6 անգամ մեծ է Հայաստանից եւ Վրաստանից, նույնպես միջոցների հոսք է ստացել Ռուսաստանից, սակայն մինչեւ տարեվերջ տենգեն դոլարի նկատմամբ պետք է կորցնի 7,5 տոկոս։

Պատերազմի սկզբում տնտեսական օգուտները չէին նշվում, եւ սպասվում էր, որ Ռուսաստանի հարեւանները կտուժեին, քանի որ նրանց ամենամեծ առեւտրային գործընկերը կքել էր միջազգային պատժամիջոցների տակ: Փաստորեն, կապիտալի հսկայական ներհոսքերը մեծացրել են նրանց արժութային պահուստները եւ բարելավել ընթացիկ գործարքների հաշվեկշիռը: Հայաստանի տնտեսությունը երկրորդ եւ երրորդ եռամսյակներում երկնիշ աճ է գրանցել, մինչդեռ Վրաստանի տնտեսությունը սեպտեմբերին ընկած երեք ամսում գրանցել է մոտ 10 տոկոս աճ։

Տաջիկստանում առաջին կիսամյակում տրանսֆերտներն աճել են առնվազն 50%-ով, ասել է Նատալյա Լավրովան БКС ֆինանսական խմբից՝ վկայակոչելով վճարային հաշվեկշռի տվյալները։ Սա թույլ է տվել դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսությանն այս տարի աճել 7 տոկոսով՝ նախկինում կանխատեսումների 4-5 տոկոսի համեմատությամբ:

Արժույթի միջազգային հիմնադրամը ողջ տարվա համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 10 տոկոս՝ մատնանշելով «պատերազմի հետեւանքով առաջացած ներգաղթի եւ ֆինանսական ներհոսքի աճը»: Մինչդեռ Հայաստանի Կենտրոնական բանկը ռուսների հոսքի պատճառով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,9%-ից բարձրացրեց 13%-ի։

«Տրանսֆերտների աճը, անշուշտ, բացատրում է նման արագ աճը»,- ասել է Լավրովան: Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում դրամական փոխանցումները նպաստել են սպառողական պահանջարկի աճին եւ բնակարանաշինությանը: