Թալիբները քննադատել են արքայազն Հարիին այն բանից հետո, երբ նա իր հուշերում գրել է, որ Աֆղանստանում սպանել է 25 մարդու՝ նրանց անվանելով «խաղատախտակից հանված շախմատային ֆիգուրներ»։
Հարիի «Պահուստայինը» գիրքը Իսպանիայում վաճառքի է հանվել համաշխարհային թողարկումից՝ հունվարի 10-ից մի քանի օր առաջ, հայտնում է Reuters-ը։
Գլուխներից մեկում 38-ամյա արքայազնը խոսում է Աֆղանստան կատարած իր երկու ուղեւորությունների մասին, նախ որպես ավիադիսպետչեր 2007-2008 թվականներին, իսկ հետո՝ 2012 թվականին, երբ նա երկրորդ օդաչու էր Apache ուղղաթիռներում, եւ իր սպանած մարդկանց թիվը։
«Այս վիճակագրությունն ինձ հպարտությամբ չէր լցնում, բայց նաեւ չէր ամաչեցնում»,- գրել է Հարին՝ գրքի իսպաներեն տարբերակի համաձայն: «Երբ ես հայտնաբերեցի, որ ընկղմվել եմ շոգի ու կռվի թոհուբոհի մեջ, չէի մտածում այդ 25 հոգու մասին... Դրանք խաղատախտակից հանված շախմատային ֆիգուրներ էին, վատ մարդիկ վերացվեցին, նախքան կհասցնեին սպանել լավ մարդկանց»:
Թալիբների գլխավորած Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Կահար Բալխին քննադատել է մեկնաբանությունները: «Աֆղանստանի արեւմտյան օկուպացիան իսկապես նողկալի պահ է մարդկության պատմության մեջ, եւ արքայազն Հարիի մեկնաբանությունները տրավմայի մանրադիտակն են, որ աֆղանները կրել են օկուպացիոն ուժի ձեռքով, որը սպանել է անմեղներին առանց որեւէ պատասխանատվության»,- ասել է նա:



























