Իսրայելի եւ արաբական երկրների պաշտոնյաների մեծ պատվիրակությունը պետք է հանդիպի Աբու Դաբիում՝ Մարոկկոյում մարտին նախատեսված Նեգեւի ֆորումի գագաթաժողովին նախապատրաստվելու եռօրյա միջոցառման համար, գրում է Jpost-ը։

Այս ֆորումում ներառված են Իսրայելը, Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկկոն եւ Եգիպտոսը: Սպասվում է, որ բոլոր երկրների պաշտոնյաները կհանդիպեն այս շաբաթ կիրակիից երեքշաբթի:

Իսրայելի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը, որին կմիանան գյուղատնտեսության, առողջապահական տուրիզմի, էներգետիկայի, կրթության, հետախուզության եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ։

Նեգեւի ֆորումը, որը կոչված է խորացնելու համագործակցությունը Իսրայելի եւ տարածաշրջանում նրա արաբ դաշնակիցների միջեւ, առաջին անգամ անցկացվել է անցյալ մարտին իսրայելական Նեգեւի Սդե Բոկերում՝ բոլոր մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Նրանց թվում է եղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Եռօրյա հանդիպումը ԱՄԷ-ում կներառի վեց աշխատանքային խմբերի հանդիպումներ՝ մաքուր էներգիայի, կրթության եւ համակեցության, պարենային եւ ջրային անվտանգության, առողջապահության, տարածաշրջանային անվտանգության եւ զբոսաշրջության թեմաներով: